Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2021թ. հունվարի 31-ը

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով դեկտեմբերի 14-ից Ադրբեջանում կրկին մի շարք սահմանափակումներ կմտցվեն։ Երկրում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվում է մինչև 2021թ. հունվարի 31-ը, իսկ մինչ հունվարի 18-ը հայտարարվում է խստացված հատուկ կարանտինային ռեժիմ։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը կից ստեղծված օպերատիվ շտաբը։

Խիստ կարանատինային ռեժիմի ընթացքում երկրում մտցվելու են հետևյալ սահմանափակումները․

  • Մինչ 2021թ. հունվարի 18-ը կսահմանափակվի Բաքու, Սումգայիթ, Գյանջա, Մինգեչաուր, Շիրվան քաղաքների, Ապշերոնի շրջանի և Լենքորան, Մասալլը, Ջալիլաբադ, Շաքի, Զագաթալա, Ղուբա, Խաչմազ, Եվլախ, Բարդա, Բիլեսուվար ու Իսմայիլլի շրջանների շրջկենտրոնների երթևեկությունը;
  • Վերոնշյալ քաղաքներում ու շրջաններում կմտցվի մուտքի֊ելքի արգելք։ Բացառություն են միայն հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները, բեռնատարները և ականազերծման աշխատանքներ իրականացնող ազգային գործակալության տրանսպորտային միջոցները;
  • Համապատասխան միջազգային և ներքին ավիաթռիչքների տոմսեր ունեցող անձանց բնակության կամ գտնվելու վայրից տեղաշարժվելու թույլտվությունը տրամադրվելու է նրանց տոմսերի հիման վրա, իսկ պետական սահմանով, համապատասխան կարգով, երկիր ժամանող անձանց բնակության կամ գտնվելու վայր մեկնելու թույլտվությունը ՝ իրենց անձնագրերում դրվելիք դրոշմակնիքի հիման վրա;
  • Բնակիչները բնակության վայրը կարող են լքել միայն SMS֊թույլտվության կամ ՆԳՆ հատուկ ծառայությունից թույլտվության դեպքում, այդ թվում՝ անհրաժեշտ առևտուր անելու կամ հարազատի հոգեհանգիստ մասնակցելու համար;
  • Մինչ 2021թ. հունվարի 31-ը փակ կլինի Բաքվի մետրոպոլիտենը, իսկ հանրային տրանսպորտը չի աշխատի շաբաթ֊կիրակի օրերին;
  • Մինչև հունվարի 18-ը սրճարանները, ռեստորանները, առևտրի կետերը և այլ հասարակական վայրերը կարող են աշխատել միայն «առցանց» ռեժիմով;
  • Սահմանափակվում է նաև մյուս ոլորտների աշխատանքը, բացառությամբ այն կառույցների, որոնք համապատասխանում են օպերատիվ շտաբի կողմից սահմանված ոլորտներին;
  • Դիմակ կրելը պարտադիր է ամբողջ երկրի տարածքում՝ թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում։

Նշենք, որ դեկտեմբերի 8-ի դրությամբ Ադրբեջանում հայտնաբերվել է 154 152 նոր կորոնավիրուսի վարակման դեպք, որից 1713-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 93 411 մարդ։ Այսօրվա ընթացքում գրանցվել է վարակման՝ 4387, իսկ մահվան 38 նոր դեպք։

Ադրբեջանի նախագահի օգնական Շահմար Մյովսյումովն այսօր հայտարարել է, որ իրենք ստիպված են սահմանափակումներ մտցնել այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի ստեղծվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *