Թուրքիայում 82 զինվորականի ձերբակալման որոշում են կայացրել

Դեկտեմբերի 1-ին Իզմիրի հանրապետական դատախազությունը որոշել է ձերբակալել 82 զինվորականի և 44 ոստիկանության աշխատակցի՝ Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Գյուլենական» կազմակերպության (FETÖ) հետ կապի համար։

Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ 82 զինծառայողից 70-ը գործող են։ Կասկածյալներից 63-ն արդեն ձերբակալվել են։

Բացի այդ, որոշվել է նաև զինված ուժերից հեռացնել 848 զինվորականի, այդ թվում՝ գնդապետերի, մայորների և լեյտենանտների՝ կրկին նույն մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Թուրքիայում զինվորականների լայնածավալ ձերբակալություններ սկսվել են 2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Դրա կազմակերպման համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ֊ում բնակություն հաստատած իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա աջակիցներին, որոնց անվանել են Գյուլենականներ։ 2020թ. օգոստոսի 28-ի դրությամբ, ըստ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի, Գյուլենականների հետ կապի համար ձերբակալվել կամ պաշտոնանկ է արվել մոտ 20 հզ ծառայող։

Գյուլենը նաև մեղադրվում է երկար ժամանակ Թուրքիայի զինված ուժերում և պետհամակարգում իր կադրերի ներգրավման համար։ Դա էր պատճառը, որ հեղաշրջման փորձից հետո մի շարք պաշտոնանկություններ և հեռացումներ եղան նաև ԶՈւ ԳՇ ենթակայության տակ գործող ռազմակրթական հաստատություններից։ Դրանք նաև դուրս բերվեցին ԶՈւ վերահսկողությունից և մտցվեցին ՊՆ կազմի մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *