Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետի հայտարարությունը

Այսօր՝ հուլիսի 10-ին, Ադրբեջանի հանրապետության Սահմանապահ պետական ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը հայտարարել է, որ ընթացիկ տարում 6 նոր զորաջոկատ կկցվի սահմանների վերահսկման գործընթացին։
Գուլիևը շեշտել է նաև՝ «սահմանապահ ծառայության իրականացման ժամանակ ադրբեջանական զորքերը կիրառում են նոր թռչող սարքեր ու նոր տեխնիկա», փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այնուհանդերձ, Գուլիևը չի նշել, թե հստակ ինչ տեխնիկա է կիրառվում և որ երկրի հետ սահմանային հատվածում։ Բացի այդ, ստույգ չի ասվում՝ ընթացիկ տարվա որ ամսին և ինչ նկատառումներով են համալրելու սահմանապահ ծառայությունը նոր զորաջոկատներով։

Նշենք, որ Ադրբեջանը սահմանային խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանի հետ։ Սամուր գետի ջրի ոռոգման նպատակով օգտագործումը խնդիր է ռուս-ադրբեջանական սահմանում, բացի այդ այս հատվածում ռուսական անկլավային Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա՝ էթնիկ լեզգիներով բնակեցված գյուղեր են։ Գյուղերի բնակիչները վկայում են, որ ցանկանում են ՌԴ կազմում լինել, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ Ադրբեջանը սպառնում է գյուղացիներին, առանց որևէ պատճառի նրանք ձերբակալվում են, և նրանց հարկադրում են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել կամ հեռանալ գյուղից։

Ադրբեջանի հանրապետության Սահմանապահ պետական ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիև

Ադրբեջանի հանրապետության Սահմանապահ պետական ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիև

Խնդիրներ կան նույնիսկ Վրաստանի հետ։ Պաշտոնական Բաքուն հրաժարվում է ընդունել, որ սահմանային հատվածում տեղակայված Դավիթ Գարեջիի համալիրը Վրաստանի տարածքում է։ Բացի այդ, վիճելի է մնում Քուրի ձախ վտակի՝ Ալազանի հունի փոփոխման տեղանքի պատկանելության հարցը։

Հավելենք նաև, որ Ադրբեջանը վիճելի հարցեր ունի Կասպից ծովի երկրների հետ։ Թուրքմենստանը պնդում է, որ իրեն պատկանող նավթագազային «Սերդեր», «Օսման» և «Օմար» հանքավայրերն անօրինական զավթվել ու շահագործվում են Ադրբեջանի կողմից՝ հայտարարելով, որ հարցի լուծման համար դիմելու է ՄԱԿ միջազգային դատարան: Ադրբեջանի կողմից Կասպից ծովի ջրային տարածքների յուրացումն ու օգտագործումը հանգեցրել է նաև որոշ խնդիրների ծագմանը Ռուսաստանի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *