Թշնամու ԱԹՍ-ները Խոցվել են հրաձգային զենքից, «Իգլա-Ս»-ից և «ՏՈՌ»-ից. Մովսես Հակոբյան

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՊԲ նախկին հրամանատար, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մոտ 2 ժամ տևած մամուլի ասուլիս է անցկացրել, որտեղ խոսել է իր հեռանալու և պատերազմը պարտվելու պատճառների մասին։

Հակիրճ ներկայացնում ենք գեներալ֊գնդապետ Հակոբյանի հայտարարություններից կարևոր հատվածները․

Իր ազատման և զորացրման մասին․ 

Իմ ազատման մասին հրապարակված հրամանը չի համապատասխանում իմ զեկուցագրին, դիմելու եմ, որ ճշտեն, եթե չճշտեն՝ կբողոքարկեմ։ Զեկուցագրումս գրել եմ, որ ինձ զրկել են իմ պարտականությունները կատարելով դրական ազդելու [հնարավորությունից ― Ռազմինֆո խմբ․

Ինչո՞ւ մենք պարտվեցինք պատերազմում․ 

Նախ՝ պարտությունը կործանում չէ, նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է, պիտի դա գնահատես ու ճիշտ հետևություններ անես։

Պարտության առաջին մեծ պատճառը ղեկավարումն է․ զինված ուժերի խաղաղ պայմաններից պատերազմի բերելու ընթացքում և պատերազմի ընթացքում ղեկավարումը։ Մեր բոլոր անհաջողությունները սկսվել են ԶՈւ-ն պատերազմին նախապատրաստելուց։ 

Իմ ԶՈւ ԳՇ պետ լինելու ժամանակ մշակվել է 2018-23թթ․ ընթացքում սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման պլան, որի մեջ նաև ներառվում է ԶՈւ օպտիմալացում։ Դրանում գրված է եղել օպերատիվ օղակներում կրճատումների հաշվին ավելացնել մարտական օղակում անձնակազմը, սակայն եղել է ճիշտ հակառակը։ ԳՇ և ՊՆ կառույցներում օպերատիվ օղակում գրեթե 95 տոկոսով անձնակազմ է ավելացվել։ 

Դրա փոխարեն կրճատվել է մարտավարական օղակը։ Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայակազմ՝ իր հրետանիով, իր կապի միջոցներով։ Այդ զորամասերը պիտի պատերազմի ժամանակ լրահամալրվեին ու փոխարինեին մյուս զորամասերին։ Դրանից զատ բոլոր պաշտպանական շրջաններում (ՊՇ), որտեղ պիտի ձևավորվեր ևս մեկ գումարտակ, կրճատվել են։ Սկզբում մեկ վաշտ է կրճատվել, այնուհետև, իմ պնդմամբ, դրանք վերածվել են դասակների, մեկական դասակ է կրճատվել բոլոր վաշտերում և այսպես շարունակ, որը բերել է այսօրվա պատերազմի վիճակին։ 

Մեր զինված ուժերի քանակը պատերազմի ժամանակ և խաղաղ պայմաններում տարբեր են, մենք պատերազմը վարում ենք ոչ թե առկա ուժերով, այլ լրահամալրումներով ու զորահամալրումներով։ Զորահամալրումը որոշակի ժամանակ է պահանջում․ գումարտակաների դեպքում 5 օր, իսկ գնդերի դեպքում՝ 7։

Մյուս պատճառը․

[Պատերազմի ընթացքում ― խմբ․] մեր զորահավաքը չի կատարվել, դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, ՊՆ֊ն, զինկոմիսարիատը, ոչ՝ ԳՇ պետը։ [Սեպտեմբեր ― խմբ․] ամսի 30-ի դրությամբ Արցախը լրահամալրման պլանն իրականացրել էր 78%֊ով, ՀՀ֊ն՝ 52: Դա պիտի լիներ 48 ժամվա ընթացքում։ Երկրորդ օրը համալրման տոկոսն ավելի ցածր է եղել։

Պատերազմի 3-րդ օրը երկրի ղեկավարը հրաման է արձակել կանգնացնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ։ Դա հերքել չեն կարող, քանի որ պաշտոնական անձինք, ովքեր պատասխանատու են դրա համար, խոսակցությունը ձայնագրել են։ 

Դրա արդյունքում․

Կամավորականները գալիս էին Արցախ, որևէ սպառազինություն, որևէ հանդերձանք չունեին, զորամասերում իրենց համար նախատեսված հանդերձանք չկար։ Ի՞նչպես պիտի իրենք կռվեն, եթե ներդաշնակված չեն։ Իրենց մի մասը մարտի դաշտում կոտորվում են, մյուս մասը՝ փախնում։ 5-րդ օրը 1500 հոգի փախած մարդ կար։ 

Փախնելու սկիզբը դրել են կամավորականները, բայց այնտեղ չես կարող տարբերել՝ կամավորական է [դիմացինդ ― խմբ․], թե կցագրված անձնակազմից։ Ում հարցնեիր, ասում էին՝ «կամավորական եմ», բայց վստահ եմ, որ փախածների մի մասը, գուցե նաև մեծ մասը, ոչ կամավորական էին, խառնաշփոթից էին օգտվում։

Ինչու՞ ունեցանք անհաջողություն աջ և ձախ թևերում․

Ղարաբաղի ՊԲ լրահամալրումն իրականացվում է ՊՇ-ները՝ ըստ իրենց ուղղության զորամասերի, ընդ որում, այնպես է բաժանված, որպեսզի կցագրված անձնակազմի 50 %-ը լինի ՀՀ֊ից, 50֊ը՝ Արցախից։

Ղարաբաղի հատվածում՝ Ստեփանակերտում, ամսի 30-ի դրությամբ ընդամենը 32 % լրահամալրում է կատարված եղել, մնացածը՝ ՀՀ հատվածից, որը ևս համալրված չի եղել։

Կանոնավոր բանակի զինվորները մինչև 3-րդ օրը որևէ տեղ զիջումներ չեն ունեցել, մինչև վերջ դուրս չեն եկել խրամատից, սակայն չենք ունեցել մարդիկ, որ պիտի լրահամլրեին ու փոխարինեին իրենց, և հակառակորդը մխրճվել է։

Սպառազինության խնդի՞ր․

Կա սպառազինության ձեռք բերման պլան, որն այս պահին այլևս գաղտնի չէ․ 2016թ֊ից հետո երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է, որ այլ ձև է լինելու ԶՈւ զարգացման պլանը։ 2016թ. կազմվել է սպառազինության ձեռք բերման պլան։ 

Այն ժամանակ ձեռք են բերվել «Սմերչ» ՀԿՌՀ, «ՏՈՌ», «Իգլա-Ս» և «Վերբա» զենիթահրթիռային համալիրներ։ Դրանք են այն զենքերը, որոնք այս պատերազմում կռվել են։ Պայմանագրերը կնքվել են 2016թ., ձեռք են բերվել՝ 2017-ից, բացառությամբ՝ «ՏՈՌ»-ի, որի մի մասը 2018-ին է ձեռք բերվել։ Ձեռք են բերվել մեծ քանակությամբ նռնականետեր, «Կորդ» գնդացիրներ, խնդիր է դրվել մեծ քանակությամբ հրետանային հրթիռներ ձեռք բերել։

2017թ. պլանով նախատեսված է եղել ձեռք բերել ևս 2 դիվիզիոն «ՏՈՌ», ընդ որում՝ մեկը 2018 թ․, որի գումարի 10 տոկոսը վճարված է եղել, և մյուսը՝ 2019թ֊ին։ Պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ»՝ իր մարտակազմով, պիտի կատարելագործվեր «Իսկանդերի» համակարգը, պիտի ձեռք բերվեին «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ և մեծ քանակությամբ զինամթերք։

[Նոր իշխանությունները ― խմբ․] փոխել են 2018 թվի գործող պլանը, ձեռք են բերել Սու֊30 ՍՄ կործանիչներ, ԶՈւ 23-2 զենիթային համակարգեր, և հետագայում նաև՝ Օսա—ԱԿ ՀՕՊ համալիրներ։ Հիմա [այս պատերազմին ֊ խմբ․] դրանցից ոչ մեկը չի աշխատել։ 

Այն զինամթերքը, որ գովազդում են, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է երկրորդ երկրին վաճառելը, դրա համար մեր ՍՈւ֊երը այսօր մեր երկրում են առանց զինամթերքի։ Օսա֊ները ևս գնվել են՝ իմանալով, որ այսօր դրանց պահեստամասեր ու հրթիռներ չեն արտադրվում։

Իսկ ինչո՞վ են խոցվել թշնամու ԱԹՍ֊ները․

Խոցվել են հրաձգային զենքից, խոցվել են «Իգլա֊Ս»-ի և «ՏՈՌ»-ի միջոցով։

Անդրադառնալով ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ սպառազինության բլոկադա է եղել, Մովսես Հակոբյանը նշեց՝ այն մատակարարումները, որ իրականացվել են Հայաստան պատերազմի ժամանակ, իրականացրել է Ռուսաստանը։ Ըստ Հակոբյանի սեպտեմբերի 30-ի դրությամբ մեր երկրի վարչապետը չէր զանգել ՌԴ նախագահին՝ աջակցության համար, և ՌԴ֊ն, ըստ նրա, մատակարարումներն իրականացրել է միայն հետագայում մեղքի զգացողություն չունենալու համար։ Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր է եղել անել։

Եկել է նաև «Պոլե-21» ՌԷՊ համակարգ, որը 4 օր ամբողջ Արցախի տարածքում սահմանափակել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների թռիչքը, սակայն հակառակորդը կարողացել է շատ արագ փոխել իր կառավարման համակարգը, և 4 օրից հետո նորից ԱԹՍ-ները հանգիստ թռել են։ 

Հարցին՝ եթե «ՏՈՌ» ևս 2 դիվիզիոն ունենայինք «կփակեի՞նք» օդը, թե ոչ, Հակոբյանը պատասխանեց, որ նախ այդպիսի հասկացողություն չկա՝ «օդն ամբողջությամբ փակել», բացարձակ փակել չի լինի, հետո՝ այն մակարդակը, որը եղել է կենտրոնական շրջանում, եթե մենք ունենայինք ևս երկու դիվիզիոն, մենք ամբողջությամբ [կփակեինք ― խմբ․] աջ և ձախ թևերը, որոնք բաց են եղել ու հակառակորդի հարձակման և մխրճման ուղղություններն են եղել, մենք այդ հատվածում «ՏՈՌ» դիվիզիոններ չենք ունեցել, իսկ դրանք նախատեսված են եղել մեկը՝ աջ, մեկը՝ ձախ թևերի համար։ 

Ի վերջո «Իսկանդերը» կրակե՞լ է.

Կրակել է, բայց, թե որ ուղղությամբ, չեմ ասի։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *