Խորվաթիան Ուկրաինայի հետ կնքել է ՄիԳ-21 ինքնաթիռների վերանորոգման, արդիկանացման, ինչպես նաև գնման պայմանագիր։
Պայմանագիրը կնքվել է հուլիսի 8-ին Զագրեբում Խորվաթիայի պաշտպանության նախարարության և «Ուկրսպեցէքսպորտ» ընկերության միջև։
«Ուկրսպեցէքսպորտի» պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը վերանորոգելու և արդիականացնելու է խորվաթական օդուժի 7 միավոր ՄիԳ-21 կործանիչ, ինչպես նաև վաճառելու է 5 միավոր այդ ինքնաթիռից։
Պայմանագիրը նախատեսվում է կատարել մինչ 2014 թվականի կեսերը։
Խորվաթիայի պաշտպանության նախարարության՝ այս տարվա հունիսին հայտարարած ՄիԳ-21-երի վերանորոգման և արդիականացման մրցույթին մասնակցել է նաև ռումինական «Աերոսթար» ընկերությունը, սակայն խորվաթները նախապատվությունը տվել են ուկրաինական ընկերությանը։
Նշենք, որ Խորվաթիան 2009 թվականից ՆԱՏՕ-ի անդամ է։
Խորհրդային արտադրության ՄիԳ-21 երկրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները մշակվել են դեռ 50-ական թվականներին «Միկոյան և Գուրևիչ» ընկերության կողմից։ Մինչ օրս արտադրվել է այս կործանիչի՝ 10 հազարից ավել օրինակ։