Քրդական PKK-ն կասկածվում է Իրաքի նավթատարի պայթեցման համար

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) կասկածվում է հոկտեմբերի 28-ին Իրաք֊Թուրքիա նավթատար խողովակի թուրքական հատվածում պայթյուն իրականացնելու համար։ Պայթյունից նավթատարի աշխատանքը կանգնեցվել է որոշ ժամանակով։

Այս մասին գրում է իրաքյան Iraqi oil report լրատվակայքը։

Ըստ իրանական Parstoday լրատվականի՝ PKK֊ն պատասխանատվություն է ստանձնել նավթատարի պայթեցման համար, սակայն այս տեղեկությունն այլ աղբյուրներում չի նշվում։

Նշենք, որ հոկտմբերի 30-ի գիշերն էլ Իրաքի հարավում գազատար էր պայթել, որի հետևանքով 2 մարդ մահացել էր, 51-ը՝ վիրավորվել։

Հավելենք, որ Իրաք֊Թուրքիա խողովակատարն անցնում է Իրաքյան Քրդստանի տարածքով և հասնում թուրքական Ջեյհան քաղաք։ Այս խողովակը համարվում է երկու երկրները կապող հիմնական նավթատարը, որոնց մի շարք այլ նավթատարներ են միանում՝ իրաքյան տարբեր բնակավայրերից Թուրքիա հասցնելով իրաքյան նավթը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *