«Հուսով ենք՝ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների արածներից». Մայք Պոմպեո

«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ոչ զինված և ոչ էլ երրորդ երկրների միջնորդությամբ։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենի դեմ, ինչ անում են ադրբեջանցիները, և որ նրանք բոլորը հրադադարի իրական ռեժիմ կհաստատեն ու կնստեն բանակցությունների սեղանին։

Այս մասին ամերիկյան The Erick Erickson Show ռադիոհաղորդման եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտարարությունները հրապարակված են պետքարտուղարության պաշտոնական կայքում։

Պոմպեոն խոսել է նաև Արցախում սկսված պատերազմում Թուրքիայի ներգրավման մասին ու հայտարարել․ «Այժմ ունենք թուրքերին, որոնք միջամտել են և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը, մեծացնելով կրակի ուժը, որը տեղի է ունենում այս պատմական պայքարում, Լեռնային Ղարաբաղ կոչվող այս փոքր տարածքում, մոտ 150 հզ բնակչությամբ, բայց խիստ վիճելի»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախի ողջ սահմանին ադրբեջանական կողմը սկսել է ռազմական գործողություններ, որոնց ներգրավված են նաև Թուրքիայի ԶՈւ ավիացիոն միջոցներն ու անձնակազմը։ Մասնավորապես ադրբեջանական կողմից պատերազմում ներգրավված են թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, որոնք, ամենայն հավանականությամբ, կառավարվում են թուրք սպաների կողմից։

Հայկական կողմի պաշտոնական տվյալներով պատերազմում ներգրավված են նաև թուրքական F-16 կործանիչները, որոնք Ադրբեջան էին տարվել դեռ օգոստոս ամսին՝ համատեղ զորավարժություններին մասնակցելու անվան տակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *