Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները։ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը բացարձակ չի կատարել և չի էլ կատարելու։
Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշեց, որ ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման, աջակցության, հետախուզական և կառավարման կետերի աջակցության տակ կիրառելով բազմատեսակ մարտական֊ հարվածային ԱԹՍ֊ներ, կատարել են 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել 1 Սու֊25 գրոհիչ։ Ըստ նրա՝ գրոհիչը խոցվել է Քարվաճառի ուղղությամբ։
Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությամբ հոկտեմբերի 10-ից պետք է իրականացվեին գերիների և դիերի փոխանակումներ, սակայն, ինչպես այսօր հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը, Ադրբեջանի կողմից այդ պահանջը չի կատարվում, քանի որ ընդունելով այդ պայմանները գերիների և դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնելու են մարտական գործողությունների շրջան, ինչն Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել, և չի ընդունում։
Անցնող ժամերի ընթացքում, ըստ Հովհաննիսյանի, խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 կենդանի ուժ։