Հոկտեմբերի 6–ի լույս 7–ի ողջ գիշեր և հոկտեմբերի 7–ի առավոտյան մարտերը շարունակվել են շփման գծի երկայնքով։ Գիշերը հակառակորդը Արաքսի հովտում՝ Արաքսի ողջ երկայնքով, ուժեր է կենտրոնացրել, մեր հետախուզությունը կարողացել է հայտնաբերել, ապա դիպուկ հրթիռահրետանային կրակով հայկական զինված ուժերը մեծ վնաս են հասցրել հակառակորդին։
Այս մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։
Արաքսի հովտում հակառակորդի մոտավորապես 3 համահավաք բրիգադներ էր կենտրոնացրել, որոնցից մի քանի տասնյակ զինծառայողներ սպանվել են, հակառակորդը կորցրել է նաև զրահատեխնիկա, որոնց մի մասը թողել է մարտի դաշտում։
Ադրբեջանական ստորաբաժանումները այդ հատվածում տեղաշարժերի ժամանակ փորձում են օգտվել Արաքսի սահմանից, և նահանջի դեպքում օգտվել Իրանի սահմանից, և մենք կոչ ենք արել Իրանին որ չթույլատրեն նման քայլ։ Իրանի կողմից արդեն կա պատասխան։
Կրկին թիրախավորվել են Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր։
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական զինված ուժերը խոցել են նավթամթերքի պահեստ։ Ռազմինֆոյի արած վերլուծությունը ցույց է տալիս, որ պահեստները Սարիջալու գյուղի մոտ տեղակայված զորամասում է, որը հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է։ Հրետանին ներկայացված էր Դ-30 հաուբիցների մարտկոցով։ Ընդհանուր անձնակազմը մոտ 250-300 հոգի։