Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նշվում է, որ ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈւ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈւ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։
ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը խոցվել է մարտական խնդիրը կատարելիս՝ հակաօդային և օդային մարտերի ընթացքում: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչները Ադրբեջան էին տեղափոխվել համատեղ զորավարժության համար, սակայն զորավարժության ավարտից շուրջ 1 ամիս անց Ռազմինֆո-ն հայտնել էր, որ կործանիչները մնացել են Ադրբեջանում։