Հունգարիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչ 2016 թվականն ամբողջովին թարմացնել մարտական-ուղևորատար ուղղաթիռների ավիապարկը։
Այս մասին հայտնել է Հունգաիայի պաշտպանության նախարար Չաբա Հենդեին, տեղեկացնում է Defense News-ը։
Նոր ուղղաթիռներ գնելու համար, որոնք կփոխարինեն խորհրդային Մի-8 ուղղաթիռներին, հատկացվել է 100 մլրդ ֆորինտ (438.2 մլն դոլար)։
Մարտական-ուղևորատար ուղղաթիռների ավիապարկի թարմացումը կատարվում է ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան ազգային ռազմավարության շրջանակներում։
Հենդեն չի մանրամասնել, թե ինչ ռազմական տեխնիկա է նախատեսվում ձեռք բերել։ Նախկինում նա հայտնել էր, որ նոր մարտական-ուղևորատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար հատկացվել է 5 մլրդ ֆորինտ։
2013 թվականին Հունգարիայի ռազմական բյուջեն կազմում է 241.37 մլրդ ֆորինտ, որը 2012 թվականի ռազմական բյուջեն գերազանցում է 7 մլրդ ֆորինտով։
Flightglobal MiliCAS-ի տվյալների համաձայն՝ ներկայում Հունգարիայի սպառազինությունում կա 13 միավոր Մի-8 ուղղաթիռ և 5 միավոր Ան-26 տեսակի տրանսպորտային ինքնաթիռ։ Այս տեխնիկան ենթարկվել է արդիականացման, սակայն չի համապատասխանում ՆԱՏՕ-ի պահանջներին։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հունգարիան վաճառում է խորհրդային արտադրության սպառազինության մի մասը, մասնավորապես, ՄիԳ-29 կործանիչները և Տ-72 տանկերը։