Ադրբեջանում հոկտեմբերի 1-30-ը կանցկացվի պարտադիր զորակոչ

Ադրբեջանի Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը հայտարարել է հոկտեմբերի 1-ից 30-ը պարտադիր զինվորական ծառայության ենթակա զորակոչիկների հավաքագրման և ծառայությունն ավարտածների զորացրման մասին։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report լրատվակայքը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի համաձայն՝ հոկտեմբերի 1-ից 30-ը զորակոչվելու են 2002 թ. ծնված և մինչև զորակոչի օրը 18 տարին լրացած, ինչպես նաև 1985-2001թթ. ծնված և մինչև 35 տարեկանը Ադրբեջանի զինված ուժերում չծառայած, զինծառայության հետաձգման իրավունք չունեցող Ադրբեջանի Հանրապետության՝ արական սեռի քաղաքացիները։

Նշենք, որ Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայության համար զորակոչ լինում է տարին 4 անգամ՝ երեք ամիսը մեկ։

Ադրբեջանցի երիտասարդները բացի բանակից նաև զորակոչվում են այլ զինված կառույցներ, այդ թվում՝ Պետական սահմանապահ ծառայություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն (քաղպաշտպանության զորքեր), Ներքին զորքեր (ՆԳՆ), Պետական հատուկ պահպանության ծառայություն, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *