Թուրքիայի բանակում նոր կանոններ են մտցնում՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում

Թուրքիայի զինված ուժերում ստեղծված նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնը (KOMMER) հորդորել է ԶՈւ անձնակազմին չմասնակցել հարսանիքների և նշանադրության նման մարդաշատ արարողություններին, քանի որ դրանց պատճառով է հիմնականում լինում վիրուսի տարածումը։

Այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը։ Բացի այդ, կանոններ են սահմանվել նաև երկրի տարածքից դուրս տեղակայված թուրքական զորքերի համար (Սիրիայում, Իրաքում, Լիբիայում)։ Սիրիայից Թուրքիա հետ վերադարձող անձնակազմը պետք է մնա 14-օրյա կարանտինում, հետո միայն մուտք գործի երկիր։

Թեպետ թուրքական պետական աղբյուրը գրում է, թե Թուրքիայի զինված ուժերում կորոնավիրուսի տարածումը, համեմատած այլ երկրների բանակների, նվազագույն է, սակայն այն, որ անձնակազմին հարսանիքների և մարդաշատ արարողությունների չմասնակցելու հորդորն արվում է միայն այժմ՝ կորոնավիրուսի տարածումից մոտ կես տարի անց, տեղիք է տալիս ենթադրելու, որ իրավիճակն իրականում վատթարանում է։

Մարդաշատ արարողություններին չմասնակցելու կոչեր ընդհանրապես քաղաքացիներին (ոչ զինվորականներին) երկրի առողջապահության նախարարը մշտապես անում է, դրանց հավելելով նաև զորակոչիկներին ճանապարհելու խնջույքները ևն։

Այնուամենայնիվ, ինչպես աշխարհի շատ երկրներում, Թուրքիայում նույնպես համեմատաբար գաղտնի են պահվում զինված ուժերում վիրուսի տարածման մասին մանրամասն տեղեկությունները։ Մինչ այժմ պաշտոնապես հայտարարվել է ԶՈւ֊ում կորոնավիրուսից երեք մահի մասին։

Նշենք, որ օգոստոսի 24-ի դրությամբ երկրում պաշտոնական տվյալներով արձանագրվել է վարակի 309 790 դեպք և 7 785 մահ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *