Ադրբեջանում ստուգում են քաղաքացիների ամենագնաց մեքենաները, պատճառաբանում են՝ «պատերազմ է սկսելու»

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե քաղաքացիների «փիքափ» տեսակի ամենագնաց մեքենաները ճանապարհային ոստիկանությունը առգրավվել է պլանային տեխզննումներ անցկացնելու համար, քանի որ դրանք, ըստ օրենքով նախատեսված դեպքերի, հանդիսանում են ռազմական տրանսպորտային միջոցներ։

ՆԳՆ-ն հղում է անում Ադրբեջանի 2006թ․ ընդունված «ռազմական տրանսպորտային միջոցների հաշվառման կանոնների» մասին օրենքին, որտեղ նշվում է, որ ռազմական տրանսպորտային միջոցները նախապես հաշվառվում են՝ ներառյալ մեքենաների և դրանց տիրոջ բոլոր տվյալները, իսկ ռազմական դրության ու մոբիլիզացիայի ժամանակ քաղաքացիները զինված ուժերին են ներկայացնում իրենց մեքենաները և դրա փոխարեն ստանում են տեղեկանք այն մասին, որ իրենց մեքենան առգրավվել է պետության կողմից։

Փաստացի՝ ՆԳՆ-ն հաստատում է նախօրեին տարածված տեղեկություններն այն մասին, որ քաղաքացիների «փիքափ» մեքենաներն առգրավվում էին։ Նախօրեին ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրվա ընթացքում ՃՈ-ն մի քանի քաղաքացուց առգրավել է իրենց ամենագնաց մեքենաներն ու պատճառաբանել, որ «պատերազմ է սկսելու, դրանք անհրաժեշտ են»։

Վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև տեղեկատվական-քարոզչական գործողությունները տպավորություն են ստեղծում, որ Բաքուն հող է նախապատրաստում ռազմական արկածախնդրության համար, իսկ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է դրան:

Հիշեցնենք, որ երեկվանից էլ Ադրբեջանում սկսվել է նաև պահեստազորայինների հավաքագրում՝ մարտական վերապատրաստումներ ու ստուգումներ անցնելու նպատակով։ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ սրանք պլանային վերապատրաստումներ են, զորքը պետք է մարտական պատրաստություն անցնի։ Սեպտեմբերի 19-ին երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե «հայկական կողմն առաջնագծում իրավիճակի լարմանն ուղղված նոր սադրանքների է պատրաստվում», ինչի համար ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումները կրկին կվերապատրաստվեն։ Հասանովը հայտարարել էր նաև, որ մարտական պատրաստության հավաքներ պետք է լինեն պահեստազորայինների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *