Վրաստան. կարանտին լեռնային պատրաստության դպրոցում, նոր սահմանափակումներ ՊՆ-ում

Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում մարզիչներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո կարանտինային ռեժիմ է հայտարարվել։ Վարակակիր մարզիչը բուժում է ստանում Գորիի զինվորական հոսպիտալում։

Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» լրատվական գործակալության վրացական ծառայությունը։

Մարզիչի հետ անմիջական շփում ունեցած 14 զինվորականները մեկուսացման մեջ են, իսկ բազայի մնացյալ՝ 153-հոգանոց անձնակազմի թեստավորման պատասխանը բացասական է։

Բացի այդ, կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման պատճառով այսօր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով խստացվել են երկրի ՊՆ-ում հակահամաճարակային միջոցառումները։ Մասնավորապես, նախարարը հանձնարարել է բոլոր անցակետերում պարտադիր ջերմային զննում սահմանել, փակ տարածքներում պարտադիր դիմակ դնել, արձակուրդ գնացողներին կոչ է արել խուսափել «ռիսկային գոտիներ» ճանապարհորդելուց, իսկ վարակման կիզակետից վերադառնալուց հետո պարտադիր ինքնամեկուսանալ, ապա՝ թեստավորվել։

Նշենք, որ Սաչխերեի լեռնամարզական դպրոցը բացվել է 2004 թ.: 2010 թ. ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի որոշմամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դպրոցին շնորհվել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ: Հենակետում լեռնային պայմաններում մարտերի դասընթացներ են անցնում ոչ միայն վրացի, այլև օտարերկրյա զինվորականներ, այդ թվում՝ Հայաստանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *