Ուկրաինայի և Թուրքիայի միջև ռազմարդյունաբերության ոլորտի հուշագիր է ստորագրվել

Օգոստոսի 26-ից Ուկրաինայի փոխվարչապետ ― արդյունաբերության ռազմավարական ոլորտների հարցերով նախարար Օլեգ Ուրուսկիի գլխավորությամբ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Թուրքիա։ Ուրուսկիի և Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմաիլ Դեմիրի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի ՊԱԳՎ պետը։ Հուշագրի մանրամասներն առայժմ հայտնի չեն։

Ուկրաինայի փոխվարչապետը նաև հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքին և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Մուսթաֆա Վարանքի հետ հանդիպմանը կողմերն ընգծել են, որ Ուկրաինայի և Թուրքիայի միջև արդյունաբերության ոլորտում համագործակցությունն ավելի հստակ նախատեսվում է ավիաշինության և նավաշինության ոլորտներում։

Այնուհետ Ուկրաինայի փոխնախարարն այցելել է թուրքական ռազմարդյունաբերական Roketsan, Havelsan և «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերություններ։ TAI ընկերությունից արված պաշտոնական հայտարարության համաձայն՝ կողմերի միջև քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության նախագծեր։

Հիշեցնենք, որ վերջին երկու տարում Ուկրաինայի և Թուրքիայի միջև խորացել է համագործակցությունը ռազմարդյունաբերության, հիմնական անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում։ Նախ Ուկրաինան 2018թ. վերջին Թուրքիայից գնեց Bayraktar տեսակի հարվածային ԱԹՍ֊ներ, որից կարճ ժամանակ անց՝ 2019թ. օգոստոսին թուրքական Bayraktar ԱԹՍ֊ներն արտադրող «Բայքար» և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։

«Black Sea shield»-ն առաջինը նախատեսում էր թուրքական նույն ընկերության «Աքընջը» հարվածային ԱԹՍ֊ի շարժիչի արտադրությունը։ Ընկերության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչն այդ ԱԹՍ-ի վրա փորձարկվեց 2019թ. նոյեմբերին։

Հուլիսին հայտնի դարձավ, որ կողմերը նախատեսում են սկսել նաև Bayraktar ԱԹՍ֊ների համատեղ արտադրություն։ Կարելի է ենթադրել, որ այդ դեպքում ևս շարժիչը կարող է լինել ուկրաինական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *