Ռուսաստանը պատրաստ է ուղղաթիռների մասեր արտադրել Թուրքիայի հետ. «Вертолёты России»

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ համագործակցել ուղղաթիռների պահեստամասերի արտադրության հարցում։ Նախկինում Ռուսաստանը Թուրքիային վաճառել է Կա֊32 երեք միավոր հակահրդեյաին ուղղաթիռներ, որոնք շահագործվում են։

Այս մասին օգոստոսի 26-ին Ռուսաստանում ընթացող «Բանակ-2020» ռազմատեխնիկական միջազգային ցուցահանդեսի ժամանակ ռուսական պետական «Вертолёты России» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոկինսկին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը։

Թուրքական աղբյուրը նշում է, որ 2019թ. ապրիլին էլ Բոգինսկին հայտնել էր, որ «Вертолёты России» ընկերությունը պատրաստ է օգտագործել «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրած պահեստամասերը։

Հիշեցնենք, որ 2019թ. հուլիսին ռուսական կողմն ավարտեց 2018թ. կնքած պայմանագրի շրջանակներում Թուրքիային երեք միավոր Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռների մատակարարումը։ Ըստ Բոգինսկու՝ կողմերի միջև բանակցություններ էին սկսել հետագա մատակարարումների համար, քանի որ Թուրքիան դեռ հնարավորություն ունի ևս 5 ուղղաթիռ գնելու։

Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռները նախատեսված են որոնողափրկարարական, վիրավորների տարհանման, հրդեհամարման աշխատանքների կատարման, ինչպես նաև պարեկության համար։

Համաձայն ռուսաստանյան կողմի տրամադրած տվյալների՝ ուղղաթիռը կարող է վայրէջք կատարել փոքր նավերի տախտակամածերին, հորատման պլատֆորմերին, դժվարահասանելի կետերում։ Կառավարում է մեկ օդաչու, բեռանատարողությունը՝ 5 տոննա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *