ՌԴ ՊՆ-ն «Բանակ-2020»-ի շրջանակներում կնքել է 15․5 մլրդ դոլարի պայմանագիր

Ռուսաստանում ընթացող «Բանակ-2020» ռազմատեխնիկական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ՌԴ ՊՆ-ն տեղական ռազմարդյունաբերողների հետ կնքել է զինտեխնիկայի մատակարարման և արդիականացման 41 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 1․16 տրիլիոն ռուբլի (օգոստոսի 25-ի փոխարժեքով՝ 15․5 մլրդ դոլար) է։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

41 պայմանագրերը Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը կնքել է 30 ռազմարդյունաբերող ընկերությունների հետ։ Դրանցով Ռուսաստանը ստանալու է մոտ 500 միավոր նոր զինտեխնիկա և շուրջ 80 հազար միավոր հրթիռ և սպառազինություն։

Հայտնի պայմանագրերից մեկով ՌԴ ՊՆ-ն կստանա 636.3 և 677 նախագծերով մեծ դիզելային 2 միավոր սուզանավ։ «Զվյոզդչկա» ընկերությունն էլ արդիականացնելու է Հյուսիսային նավատորմի 971 նախագծի ատոմային սուզանավերը։

Վերանորոգվելու և արդիականացվելու է նաև ծանր ատոմային «Ադմիրալ Նախիմով» հածանավը, որն ամենայն հավանականությամբ 2021 թվականին դուրս կգա փորձարկումների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *