ՊՆ-ն առաջարկում է երկրի ողջ տարածքում ստեղծել աշխարհազոր

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որով առաջարկում է «Պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տարածքային ինքնակառավարման» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքներում կատարել լրացումներ։ Ստորև կփորձենք հակիրճ ներկայացնել ՊՆ-ի առաջարկի էությունը, դրանց նպատակն ու հիմնավորումները։

Հանրային քննարկմանը ներկայացրած օրենքի նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ (1,2,3):

«Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ն առաջարկում է աշխարհազորն ավելացնել պետության ռազմական անվտանգության համակարգի մեջ։ Աշխարհազորը ֆորմալ առումով ձևակերպվում է հետևյալ կերպ՝ «Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է»։

Ըստ առաջարկի Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործընթացում ավելանալու է նաև աշխարհազորը։ Այսինքն՝ խաղաղ ժամանակ, զորահավաքային նախապատրաստության ժամանակ և երկրի վրա զինված հարձակման ու ռազմական գործողությունների ժամանակ, բացի գործող օրենքով սահմանված մարմիններից, վերը նշված գործառույթներին մասնակցելու է նաև աշխարհազորը։

Օրենքով սահմանված կարգով աշխարհազորայինների հավաքագրման գործառույթը լինելու է պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակներում, սակայն աշխարհազորը գործելու է գլխավոր շտաբի ենթակայությամբ։

Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է (գյուղական համայնքի ղեկավարի տեղակալ, քաղաքապետի տեղակալ, մարզպետի տեղակալ), իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը (Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը)։

Գործող օրենքում լրացումներ կատարելու համար ՊՆ-ն հիմնավորում է, որ «Ներկայումս ՀՀ պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում»։

Razm.info-ն հետագայում կփորձի ավելի ծավալուն հոդվածով ներկայացնել առաջարկվող փոփոխությունները, դրանց մասին պաշտոնատար անձանց մեկնաբանությունները։

One response to “ՊՆ-ն առաջարկում է երկրի ողջ տարածքում ստեղծել աշխարհազոր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *