Օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ռուսական Միացյալ ավիաշինական ընկերության հետ ստորագրել է Սու-25 գրոհիչների արդիականացման համաձայնագիր։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ֊ն։ Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի և մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն:
Նշենք, որ Հայաստանի պատվիրակությանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ Մոսկվայում մասնակցում էր «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և Միջազգային բանակային 6-րդ խաղերի բացման արարողությանը։
Սու-25 գրոհային ինքնաթիռները ստեղծվել են 1970-ականներին և նախատեսված էին ցամաքային զորքերի աջակցման համար։ Սու-25-երը կիրառվել են մի շարք զինված հակամարտություններում՝ 1979-1989 թթ. Աֆղանստանի պատերազմից մինչև 2008-ի Հարավային Օսիայի մարտերը։