Դավիթ Տոնոյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուին

Օգոստոսի 23-ին «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում ՌԴ այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։ Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը, նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *