Օգոստոսի 21-ին ավարտվել է ռուս-սիրիական ծովային զորավարժությունը։ Զինծառայողները խաղարկել են պայմանական հակառակորդի դիվերսիոն ներթափանցման կանխարգելումը Բինիաս նավահանգստում։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նշվում է, որ զորավարժությանը մասնակցել են ընդհանուր 500 զինծառայող և ներգրավվել է 11 նավ՝ այդ թվում «Ադմիրալ Մակարով» ֆրեգատը, որը ՌԴ ՌԾՈւ Միջերկրական նավախմբի կազմում ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին հարվածելու գործում։
Հավելենք, որ ռուս-սիրիական համատեղ զորավարժությունները լինում են պարբերաբար և ոչ միայն ռազմածովային ուժերի, այլ նաև ցամաքային ուժերի մասնակցությամբ։
Սիրիայում տեղակայված է ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան և Տարտուսի նյութատեխնիկական ապահովման կայանը, որը կազմավորվել է դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին՝ 1971 թվականին՝ նպատակ ունենալով սպասարկելու ՌԾՈւ Միջերկրական նավախմբին։ Սիրիայում պատերազ սկսվելու ժամանակ Տարտուսը սկսեց ընդունել ռուսական ռազմանավերին, որոնք Միջերկրական ծովից հրթիռային հարվածներով աջակցում էին ցամաքային զորքերին։
Օգոստոսի 19-ին հայտնի դարձավ, որ Սիրիան ռուսական ռազմական օբյեկտները ընդլայնելու համար լրացուցիչ տարածքներ է տրամադրելու Ռուսաստանին։