Ղազախստանը ռուսական ականազերծիչ նավեր է պատվիրել

«Միջնևյան նավաշինական» գործարանի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Վլասովի խոսքերով՝ իրենց ձեռնարկությունը պայմանագիր է կնքել Ղազախստանի հետ։
Համաձայն «Ինտերֆաքս-Ղազախստան» լրատվական գործակալության տվյալների՝ պայմանագրող ռուսական կողմը պարտավորվում է 10750Է նախագծի ականազերծիչ նավ տրամադրել Ղազախստանին, որն էականորեն տարբերվում է 10750 նախագծի «Սապֆիր» նավերից։

Նշենք, որ «Սապֆիրները» մինչ օրս օգտագործվում են Բալթյան ու Սևծովյան նավատորմում։

Վլասովը խոստովանել է՝ սկզբունքային տարբերությունները կայանում են նրանում, որ նավի կառուցվածքային հիմնական բաղադրիչներն արտասահմանյան արտադրության են։ Դա արվել է հենց Ղազախստանի պահանջով։

Ընդ որում, հիմնական էներգետիկ սարքավորումը լինելու է գերմանական, իսկ ականների հայտնաբերման ու վնասազերծման համար նախատեսված հիդրոակուստիկ սարքավորումները՝ ֆրանսիական։

Այնուհանդերձ, ռուսական արտադրության են լինելու հակաականային գործողությունները կառավարող ավտոմատ համակարգն ու նավի համար կարևոր զենք-զինամթերքը։

10750Է նախագծի ականազերծիչ նավ

10750Է նախագծի ականազերծիչ նավ

Վլասովը հավելել է, որ նախատեսում են Ղազախստանին տրամադրել 2 այդպիսի ականազերծիչ նավ, մասնավորապես, առաջինի փոխանցումը ղազախական կողմին կկայանա թերևս 2015-ին։

Հավելենք, որ Ղազախստանը մեկն է Կասպյան 5 երկրներից և ի համեմատ մյուսների՝ փորձում է չեզոք դիրք գրավել։ Դեռևս ընթացիկ տարվա հունիսին Ղազախստանի պաշտոնական մարմինները հայտարարել էին Կասպից ծովում վթարային-փրկարարական ջոկատ ստեղծելու մտադրության մասին։

One response to “Ղազախստանը ռուսական ականազերծիչ նավեր է պատվիրել

  1. Pingback: Ռուսաստանը Ղազախստանին կփոխանցի ականազերծող նավ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *