Թուրքական և իսրայելական խոշոր ռազմարդյունաբերող ընկերությունները վերջին 5 տարում

Ամերիկյան մասնագիտացված Defense News կայքն ամեն տարի հրապարակում է ամենաշատ եկամուտ ստացած 100 ռազմարդյունաբերող ընկերությունների ցուցակը։ Այս հոդվածում կփորձենք ներկայացնել թուրքական ու իսրայելական ռազմարդյունաբերողներին, որոնք վերջին 5 տարում տեղ են գտել աշխարհի Թոփ 100 ընկերությունների մեջ։

2020 թվականի տվյալներով 100 ամենախոշոր ընկերությունների ցուցակում Թուրքիան ներկայացնում է 7 ընկերություն, Իսրայելը՝ 3։

Ընկերության անունըԵկամուտը 2020թ․Եկամուտը 2019թ․Եկամուտը 2018թ․Եկամուտը 2017թ․Եկամուտը 2016թ․
Aselsan2․1 մլրդ $1․79 մլրդ $1․42 մլրդ $1․19 մլրդ $1․02 մլրդ $
Turkish Aerospace Industries1․85 մլրդ $1․05 մլրդ $1․08 մլրդ $1․08 մլրդ $886 մլն $
BMC Otomotiv Sanayi ve Ticaret533 մլն $554 մլն $*297 մլն $__
Roketsan515 մլն $522 մլն $376 մլն $363 մլն $_
STM Savunma Teknolojileri Muhendislik ve Ticaret485 մլն $564 մլն $369 մլն $342 մլն $_
FNSS Savunma Sistemleri374 մլն $*367 մլն $___
Havelsan295 մլն $*278 մլն $___
Թուրքական ընկերությունների դինամիկան վերջին 5 տարում

*Ստացված եկամուտը հայտնի է, սակայն տվյալ թվականին ընկերությունը չի եղել 100 ամենախոշոր կազմակերպությունների ցուցակում

Նշենք, որ FNSS Savunma Sistemleri և Havelsan ընկերությունները, որոնք այս տարվա ցուցակում 98 և 99 հորիզոնականներում էին, առաջին անգամ են հայտնվում 100 ամենախոշոր ընկերությունների մեջ։

Aselsan ընկերությունը ՀՕՊ, ՌէՊ, հրետանային համակարգեր, մարտական մոդուլներ է արտադրում։ Ընկերությունը ակտիվ համագործակցում է (1,2) ուկրաինական ընկերությունների հետ, իսկ 2019 թվականին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Ջիհազ» (“Cihaz”) արտադրական միության ներկայացուցիչները Aselsan-ի ընկերության հետ կնքել են կապի միջոցների համատեղ արտադրության համաձայնագիր։ Հատկանշական է, որ Aselsan-ը առաջին թուրքական ընկերությունն է, որ, ըստ Defense News-ի, համալրել է 100 ամենախոշոր ընկերությունների շարքերը (2008թ, 308 մլն դոլար)։

Turkish Aerospace Industries (ԹԱԻ, Թուրքական ավիաշինական արդյունաբերություն) ընկերությունը հայտնի է T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռների, «ԱՆՔԱ–Ս» ԱԹՍ-ների, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռների և դրանց կործանիչ տարբերակի՝ «Հյուրջեթ»-ի արտադրությամբ։ Ընկերությունը նաև զբաղվում է թուրքական 5-րդ սերնդի TF-X կործանիչի ծրագրով, որի նախատիպը ներկայացրել էին 2019 թվականին։ Կործանիչի արտադրման ծրագրում ներգրավված է նաև Havelsan ընկերությունը։

BMC ընկերությունը զրահամեքենաներ և զրահատեխնիկա է արտադրում։ Ընկերության արտադրանքն են 4×4 և 6×6 ընթացամասերով Kirpi և 4×4 ընթացամասով Amazon զրահամեքենաները։ Ադրբեջանական Azeri Defence կայքը 2019-ին հայտարարել էր, որ BMC-ն զրահամեքենաներ է արտահանելու իրենց, սակայն զրահամեքենայի տեսակը չէր նշվում։ BMC-ն զբաղվում է նաև «Ալթայ» տանկերի արտադրությունով։ Այս տանկերի արտադրության հիմնական խնդիրը շարժիչներն են։ Թուրքիան մի քանի անգամ ձախողել է սեփական շարժիչների արտադրությունը և օտարերկրյա արտադրության շարժիչների ներմուծումը։ Նշենք, որ «Ալթայ» տանկերի արտադրության գործում BMC-ն համագործակցում է Aselsan, Roketsan, MKEK և Havelsan ընկերությունների հետ։

Հրթիռներ արտադրող Roketsan-ի առավել հետաքրքրաշարժ արտադրանքներից է SOM թևավոր հրթիռը, որը առկա է նաև Ադրբեջանի սպառազինությունում։ Ընկերության արտադրանքն են նաև «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն ու «Բորա» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը։ Նշենք, որ «Քասըրղա» ՀԿՌՀ-ներ ևս կան Ադրբեջանում։

STM ընկերությունը զբաղվում է ինժեներական համակարգերի, տեխնիական աջակցության, նախագծերի կառավարման, տեխնոլոգիաների տեղայնացման ծառայությունների մատուցմամբ, արտադրում է «ՔԱՐԳՈւ-2» մահապարտ ԱԹՍ-ն։

FNSS ընկերությունը հիմնականում զբաղված է զրահատեխնիկայի արտադրությամբ։ Ընկերության արտադրանքներից են «Քափլան» ինքնագնաց հակատանկային զրահամեքենաները, «Քորքութ» փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը, «Պարս» զրահամեքենաները։ Ընկերությունը Ինդոնեզիայի հետ արտադրում է միջին դասի թեթև «Քափլան–ՄՏ» տանկեր։

Havelsan ընկերությունը հայտնի է վարժասարքերի արտադրությամբ։ Ինչպես վերևում նշել էինք՝ ընկերությունը զբաղվում է նաև «Ալթայ» տանկի, TF-X կործանիչի համար վարժասարք արտադրելով։

Հարկ է նշել, որ թուրքական ռազմարդյունաբերող ընկերությունները սեփական արտադրանքի համար, ինչպես մի քանի օրինակ արդեն նշեցինք, ակտիվ համագործակցում են այլ թուրքական ընկերությունների՝ առավելապես Aselsan-ի հետ։

Ընկերության անունըԵկամուտը 2020թԵկամուտը 2019թ․Եկամուտը 2018թ․Եկամուտը 2017ԹԵկամուտը 2016թ․
Elbit Systems4 մլրդ $3.3 մլրդ $3.3 մլրդ $3.1 մլրդ $3.1 մլրդ $
Israel Aerospace Industries3 մլրդ $2.6 մլրդ $2.4 մլրդ $2.6 մլրդ $2.7 մլրդ $
Rafael Advanced Defense Systems2.7 մլրդ $2.5 մլրդ $2.3 մլրդ $2.3 մլրդ $2.1 մլրդ $
Իսրայելական ընկերությունների դինամիկան վերջին 5 տարում

Ստորև կներկայացնենք, թե բաց աղբյուրներից ստացած տվյալներով տվյալ իսրայելական ընկերությունները ինչ զենք են վաճառել Ադրբեջանին։

  • Elbit Systems — Lynx (Լինքս) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 120 մմ տրամաչափի Cardom ականանետներ, ղեկավարման համակարգեր, Hermes 450, 900, Skylark հետախուզական և Skystriker մահապարտ ԱԹՍ-ներ։ Ընկերությունը նաև արդիականացրել է Ադրբեջանի Տ-72 տանկերը: 
  • Israel Aerospace Industries — LORA օպերատիվ-մարտավարական հրթիռներ, Barak-8 ԶՀՀ-ներ, Harop մահապարտ, Heron հետախուզական ԱԹՍ-ներ, Skystar 300 աերոստատներ ևն: Ընկերությունն արդիականացրել է Ադրբեջանի Մի-17 ուղղաթիռները:
  • Rafael Advanced Defense Systems — Spike LR հակատանկային հրթիռային համալիրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *