Օգոստոսի 19-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը երկրի արևելյան Բինգյոլ նահանգում սկսել է «Yıldırım-6 Karacehennem» (Կայծակ-6 Սև դժոխք) կոչվող ռազմական գործողությունը՝ քուրդ զինյալների դեմ։
Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռազմագործողությանը ներգրավված է Թուրքիայի ՆԳՆ Ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերի, ինչպես նաև Ժանդարմերիայի ենթակայության տակ գործող քրդական «գյուղական պահապանների» խմբերի շուրջ 700-հոգանոց անձնակազմ։
Թուրքիայի ՆԳՆ-ն պնդում է, որ թուրքական զորքերը նախորդ՝ «Կայծակ-1-2-3-4-5» գործողությունների ընթացքում վնասազերծել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 22 զինյալների։
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ այսօր Թուրքիայի ԶՈւ ռազմական ինքնաթիռները, խախտելով Իրաքի պետական սահմանը, ռմբակոծել են հյուսիսային Դոհուք քաղաքի շրջակայքը։
Հիշեցնենք, որ վերջերս իրաքյան կողմը չեղարկել էր Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի այցը Բաղդադ՝ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից երկու բարձրաստիճան զինվորականի սպանության պատճառով։
Նշենք, որ Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015 թ. ամռանից: Գործողությունների մասշտաբները հիմնականում ընդգրկում են Թուրքիայի արևելքն ու հարավ-արևելքը: Բացի այդ, Իրաքի հյուսիսում դեռևս շարունակվում է քուրդ զինյալների դեմ հունիսի 17-ին Թուրքիայի ԶՈւ սկսած «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) կոչվող ռազմական գործողությունը։