Գերմանիայի ԱԳ և Թուրքիայի, Կատարի պաշտպանության նախարարներն այցելել են Լիբիա

Օգոստոսի 17-ին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի են ժամանել Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարները, ինչպես նաև՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։ Նրանք հանդիպել են Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ-GNA) ներկայացուցիչների հետ՝ հրադադարի հաստատման և լիբիական հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ քննարկումների համար։

Այս մասին հայտնում է միջազգային Al Jazeera լրատվական գործակալությունը։

Գերմանիայի ԱԳՆ Հայկո Մաասը լիբիացի իր գործընկերոջ՝ Մոհամեդ Թահեր Սիալայի հետ հանդիպմանը կոչ է արել անմիջական բանակցություններ սկսել գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» (LNA) ներկայացուցիչների հետ և ապառազմականացնել Սիրթ քաղաքի շրջակայքը։ Գերմանացի նախարարը չի հանդիպել թուրք և կատարցի նախարարներին։

Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարները Լիբիայի պաշտպանության փոխնախարար Սելահադդին էն Նեմրուշի հետ հանդիպմանը հերթական անգամ իրենց աջակցությունն են հայտնել Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությանը»։

Կատարի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը Լիբիայի պաշտպանության փոխնախարարի հետ

Բացի այդ՝ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը Լիբիայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Հալիդ բին Մուհամմադ ալ Աթիյայի, ԱՀԿ ղեկավար Ֆայիզ ալ Սարաջի հետ, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ Լիբիայի ներքին գործերի նախարարի և Կատարի պաշտպանության նախարարի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերի հետ մեկնել է Լիբիա՝ մինչև ԱՀԿ-ի կողմից հյուսիսային Սիրթ քաղաքն ու ալ-Ջուֆրա ռազմաբազան գրավելու ռազմագործողության սկսելը տեղի թուրքական ռազմաբազայում ստուգումներ իրականացնելու նպատակով։

Նշենք, որ դեռևս հունիսի 1-ին Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը հայտարարել էր, որ Լիբիայում հակամարտող երկու ուժերը՝ արևմտյան «Ազգային համաձայնության կառավարությունը» և արևելյան «Լիբիայի ազգային բանակը», համաձայնել են վերսկսել Բեռլինում տարվա սկզբին համաձայնեցված բանակցություններն՝ ուղղված երկրում հրադադարի հաստամանը։ Սակայն, ընդամենը 2 օր անց Լիբիայի արևմտյան ուժը՝ ԱՀԿ-ն, նոր ռազմագործողություն էր սկսել «Լիբիայի ազգային բանակի» դեմ՝ տապալելով գործընթացը։


2011 թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *