[Թարմացված] Միջադեպ Սիրիայում ԱՄՆ ԶՈւ և կառավարական ուժերի միջև. կան վիրավորներ

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները հարվածել են սիրիական Ղամիշլիի քաղաքի հարավ-արևելքում գտնվող անցակետին, որի հետևանքով Սիրիայի կառավարական բանակի մեկ զինծառայող զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը հերքում են այս վարկածը։

Սիրիական աղբյուրի պնդմամբ՝ առավոտյան ամերիկյան պարեկախումբը փորձել է մուտք գործել Ղամիշլիի շրջան, որտեղ գտնվող Թալ ալ-Զահաբ անցակետը հսկում է սիրիական բանակի զորախմբերից մեկը։ Սիրիական զորախումբն արգելել է ամերիկյան պարեկախմբի մուտքն անցակետ, այդ պատճառով ԱՄՆ գլխավորած կոալիցիայի պարեկության անդամները կրակահերթ են բացել։

Մոտ կես ժամ հետո ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ հարվածներ են հասցրել անցակետին, որի հետևանքով Սիրիայի կառավարական բանակը զոհ և վիրավորներ ունի։

[Թարմացում] Ամերիկյան զինուժի գլխավորած կոալիցիան դեպքի առթիվ իր տարածած հայտարարության մեջ նշում է, որ Իսլամական պետության զինյալների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող պարեկության ընթացքում իրենք հանդիպել են սիրիական բանակի Թալ ալ-Զահաբ անցակետին, որտեղից իրենց ուղղությամբ կրակել են։ Կոալիցիոն ուժերը դիմել են ինքնապաշտպանության, սակայն ավիահարվածներ չեն հասցրել, զոհեր չունեն։ [Թարմացում]

Նշենք, որ Սիրիայի հյուսիս-արևելքը, այդ թվում՝ Հասեքե-Ղամիշլի ճանապարհը, հիմնականում գտնվում է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) վերահսկողության տակ, որոնք ղեկավարվում են քուրդ զինյալների կողմից, սակայն սիրիական բանակի ուժերը որոշ վայրերում տեղակայվում են՝ քրդական խմբավորումների հետ պայմանավորվածությունների համաձայն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *