Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը մեկնել է Լիբիա

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերի ուղեկցությամբ, մեկնել է Լիբիա՝ հանդիպելու Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնում է թուրքական Habertürk լրատվակայքը։ Նշվում է, որ մինչ հյուսիսային Սիրթ քաղաքն ու ալ-Ջուֆրա ռազմաբազան գրավելու ռազմագործողության սկսելը Հուլուսի Աքարը Լիբիայի թուրքական ռազմաբազայում ստուգումներ է իրականացնելու։

Հիշեցնենք, որ քաղաքական բանակցություններ սկսելու և հրադադարի հասնելու համար Լիբիայի արևմուտքում գործող և Թուրքիայի աջակցությունը վայելող «Ազգային համաձայնության կառավարությունը» (GNA) անհրաժեշտ է համարում գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սիրթ քաղաքը և ալ-Ջուֆրա ռազմաբազան, որոնք գտնվում են երկրի արևելքում գործող գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» (LNA) հսկողության տակ։

Լիբիայում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին լուրերը հայտնվել էին հունիսին. թուրքական աղբյուրները նշում էին, որ ռազմաբազայի համար օգտագործվելու է ալ-Վաթիյա ավիաբազայի տարածքը, որը մայիսի 18-ին թուրքական ուժերի աջակցությամբ գրավել էր Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությունը»։ Թուրք զինվորներն այնտեղ ականազերծման և վերանորոգման աշխատանքներ են իրականացրել, այնուհետև տեղակայվել են ՀՕՊ համակարգեր։ 


2011 թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *