Ռուսաստանն այս տարվա ընթացքում 21 միավոր ՍՈւ-30ՍՄ2 և 25 միավոր ուսումնամարտական Յակ-130 ինքնաթիռների գնման պայմանագիր կկնքի արտադրող «Իրկուտ» գործարանի հետ։ Ընդհանուր 46 միավոր ինքնաթիռի գնման պայմանագրով Ռուսաստանը կվճարի շուրջ 1,36 մլրդ դոլար։
Այս մասին գործարան կատարած այցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Բացի այս, նախարարը հայտնել է, որ 2021 թվականին նախատեսել են ՍՈւ–30 կործանիչների վերանորոգման պայմանագիր կնքել գործարանի հետ, որը կարժենա մոտ 98 մլն դոլար։
Շոյգուն նաև այցելել է Ամուրի–Կոմսոմոլսկի ավիագործարան, որտեղ, ծանոթանալով ընթացող աշխատանքներին, հայտնել է, որ մինչև տարեվերջ պլանավորած է ՍՈւ–35Ս կործանիչների պայմանագիր կնքել։ Թեև կործանիչների կոնկրետ քանակի մասին խոսք չի եղել, սակայն պայմանագրի արժեքը մոտ 953 մլն դոլար է։
Հիշեցնենք, որ ՍՈւ-35Ս կործանիչների վերջին պայմանագրով Ռուսաստանը 10 միավոր ստեցել էր 2019 թվականին և ևս 10 միավոր ստանալու է մինչև 2020 թվականի վերջ։ Կործանիչների գնման առաջին պայմանագիրը արտադրողն ու ՌԴ ՊՆ–ն կնքել էին 2009 թվականին։
Նշենք, որ եթե ՍՈւ–30 կործանիչների տարբեր արդիականացումների օպերատորների աշխարհագրությունը բավականին մեծ է, ապա ՍՈւ-35Ս կործանիչների արտասահմանյան վաճառքի մեզ հայտնի 1 դեպք կա՝ 2015 թվականին կնքված 2.5 մլրդ դոլարի պայմանագրով Չինաստանը ձեռք է բերել 24 միավոր ՍՈւ-35Ս։ Պետք է նշել սակայն, որ, թեև առանց պաշտոնական հաստատման, տեղեկություններ կան, որ Ռուսաստանն ու Եգիպտոսը նույնպես ՍՈւ-35Ս կործանիչների գնման պայմանագիր են կնքել և դրանք արդեն արտադրվում են։