Երեկ՝ օգոստոսի 12-ին, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները մեկնել են Ադրբեջան՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության առաջին փուլի վերջին դրվագին։ Այսօր՝ ցուցադրական զորավարժությունների ավարտին, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդես են եկել ուշագրավ հայտարարություններով։
Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը Թուրքիայի և Թուրքիայի ԶՈւ անունից դարձյալ աջակցություն է հայտնել Ադրբեջանին։
Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն իր ելույթում մասնավորապես նշել է․ «Բարեբախտաբար, մենք փորձի փոխանակում ենք անում աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի հետ։ Թուրքիայի ԶՈւ-ն ամբողջ աշխարհին ցուցադրել է իր ուժը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։ Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն ևս իր սուրբ պարտականությունը կիրագործի»։
Սա, կարծես թե, առաջին անգամն է, երբ Ադրբեջանն այսպես բացեիբաց ու պաշտոնապես հայտարարում է, որ իր «սուրբ պարտականության» կատարման համար ապավինում է Թուրքիայի ԶՈւ աջակցությանը։ Եվ հատկապես ուշագրավ է, որ այս հայտարարությունը հնչում է Հուլիսյան մարտերին Թուրքիայից արված բազմաթիվ ռազմատենչ հայտարարությունների ֆոնին։
Նշենք, որ զորավարժությունների ավարտին Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերը պետք է անցկացնեին «Թուրք-ադրբեջանական արծիվ-2020» («Tur-Az qartalı-2020) համատեղ զորավարժությունը։ Սակայն, հաշվի առնելով թուրքական բարձրաստիճան պատվիրակության այցը, զորավարժությունները շարունակվել են մինչև այսօր։ Բացի այդ, օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում անցկացվել էին համատեղ ցամաքային վարժանքներ: