Ավարտվել է Կա-27Մ կողային ռադիոտեղորոշման կայանով արդիականացված ռազմական ուղղաթիռի փորձարկան առաջին ամառային փուլը։
Կա-27Մ-ի արդիականացման հիմքը կազմում է նոր FH-A ակտիվ ֆազային ցանցով կողային ռադիոտեղորոշիչ կայանը։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆակս» լրատվական գործակալությունը՝ հղելով ՊՆ սեփական աղբյուրներին։
Նշենք, որ կայանը ներառված է ուղղաթիռի ռադիոտեղորոշման հրամանատարատակտիկական համակարգի մեջ, որն ինքնին միավորում է ձայնային, ռադիոհետախուզային, մագնոմետրիկ համակարգերը։ Այս ամենից ստացված տեղեկությունները հավաքագրվում են ինդիկատորում։
FH-A ռադիոտեղորոշման սարքն ամրացված է ֆլյուզելյաժի տակ, ապահովում է մակերևույթի և օդային տարածքի համայնապատկերի դիտումը, ստորջրյա, օդային ու վերերկրյա օբյեկտների հայտնաբերումը, շարժվող թիրախների զատումը, օժտված է մի շարք այլ հատկություններով։
Հավելենք, որ Կա-27Մ-ի պետական համատեղ փորձարկումները ծրագրված է ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջին, իսկ ուղղաթիռների սերիական արդիականացումը կմեկնարկի 2014-ին՝ պետական պաշտպանական կառույցի պետպատվերի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Կա-27-ը նավային բազմաթիրախային ուղղաթիռ է, որը շահագործվում է 1981-ից։ ՌԴ ՌԾՈւ բազային մեքենայի հիման վրա վերամշակվել են Կա-27-ի 2 տարբերակներ՝ հականավային ու փրկարարաորոնողական։ Համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը 2012-ի դրությամբ ունեն 90 միավոր Կա-27 ուղղաթիռներ։