Իրաքը չեղարկել է Թուրքիայի ՊՆ այցը Բաղդադ

Օգոստոսի 12-ին նախատեսվում էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաղդադ, սակայն իրաքյան կողմն այն պաշտոնապես չեղարկել է՝ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից երկու բարձրաստիճան սպայի սպանության պատճառով։

Այս մասին նշված է Իրաքի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում, փոխանցում է միջազգային Reuters լրատվական գործակալությունը։ Իրաքի ԱԳՆ-ն նաև բողոքի նոտա է հղել Բաղդադում Թուրքիայի դեսպանին։

Նախօրեին թուրքական ԱԹՍ-ի հարվածից Իրաքի հյուսիսային Էրբիլի շրջանում, որը համարվում է Իրաքյան Քրդստանի կենտրոնը, սպանվել էին Իրաքի զինված ուժերի սահմանապահ ծառայության 2 բարձրաստիճան սպա՝ Իրաքի սահմանապահ անվտանգության ուժերի 2-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Մոհամմեդ Ռուշդին և 3-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Զուբաիր Հալին։ Սպանվել էր նաև զինվորականներին տեղափոխող ավտոմեքենայի վարորդը։ Նշենք, որ թուրք նախարարը պետք է այցելեր նաև Էրբիլ։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ից Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ իրականացնում են «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) կոչվող ռազմական գործողությունը։ Իրաքի իշխանությունները զգուշացրել էին, որ կարող են դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և այլ միջազգային կառույցների, որպեսզի Թուրքիան դադարեցնի իր ռազմական գործողություններն Իրաքի տարածքում։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ ռազմագործողություններ է սկսել 2007 թ-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *