Թուրքիայի ԶՈւ-ն կորուստ և վիրավորներ ունի Իրաքում

Օգոստոսի 8-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրաքի հյուսիսում իրականացվող «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) ռազմական գործողության ընթացքում քուրդ զինյալների հետ բախման հետևանքով երկու զինծառայողի վիրավորման և մեկ կորստի մասին։

Սպանվածը հետևակի մասնագիտացված ավագ զինվոր Սուլեյման Ուրալն է (Süleyman Ural)։ Այսպիսով, վերոհիշյալ ռազմագործողության ընթացքում Թուրքիայի հայտնի կորուստների թիվը հասավ վեցի։

Նախօրեին Իրաքի հետ սահմանային գոտում տեղակայված ռազմաբազաներ կատարած այցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ծանոթացել է ռազմագործողության ընթացքին և հայտարարել, որ «պայքարն ինտենսիվորեն շարունակելու են՝ մինչև վերջին զինյալի չեզոքացումը»։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերը հայտնել էին Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) կոչվող ռազմական գործողություն սկսելու մասին։ Այն հաջորդել է հունիսի 15-ի կեսգիշերին սկսված «Ճանկ-արծիվ»  (թրք․՝ “Pençe-Kartal operasyonu”) մեկօրյա ռազմագործողությանը:

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007 թ-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *