Ռուսաստանում այս տարի 20 զինհոսպիտալ է կառուցվել՝ կորոնավիրուսով հիվանդների համար

Ռուսաստանում այս տարվա սկզբից կառուցվել է 20 բազմանպատակային զինհոսպիտալ՝ նոր կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։ Կենտրոններն ընդհանուր առմամբ կարող են ընդունել 2000 հիվանդի։

Այս մասին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտնել է Ռուսաստանի ՊՆ կառուցապատման վարչության պետ Մարինա Բալակիրևան։ Նա նշել է, որ կառուցման գործընթացում է ևս չորս այդպիսի կենտրոն՝ 560 հիվանդատեղի համար։

Ռուսաստանի գլխավոր վարակաբան Կոնստանտին Ժդանովն էլ նշել է, որ վերակառուցվել է նաև Սանկտ֊Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի վարակիչ հիվանդությունների կորպուսը։ Այժմ այնտեղ ևս բուժվում են կորոնավիրուսով հիվանդներ։

Հիշեցնենք, որ մայիս ամսին Ռուսաստանում շահագործման էին հանձնվել երկրի նախագահի հրամանով մարտի վերջից կառուցվող ՌԴ ՊՆ թվով 16 բժշկական ինֆենկցիոն կենտրոնները։

Հոսպիտալների շինարարությունը կատարվում էր 24 ժամ ֆորմատով, յուրաքանչյուրի վրա աշխատում էր 700 մարդ։ Շենքերի կառուցումից հետո դրա մեջ տեղադրվել են համապատասխան սարքավորումներ (ռենտգենի սարք, ուլտրաձայնային հետազոտման և թոքերի արհեստական շնչառության սարքեր)։

Ապրիլի սկզբին կառավարությունը ռեզերվային ֆոնդից 8,8 մլրդ ռուբլի էր հատկացրել 16 նոր ինֆեկցիոն հիվանդանոց կառուցելու համար։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *