Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 100-ը, վիրավորներինը՝ 4000-ը։ Սպասվում է, որ այս թիվը դեռ կավելանա։
Այս մասին, Al Jazeera լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի առաքելությունը։ Պաշտոնական վարկածով՝ պայթյունն առաջացել է 2014 թվականից նավահանգստում պահվող շուրջ 2750 տոննա ամոնիումի նիտրատից։
Նշվում է, որ քաղաքի հիվանդանոցներից 3-ն ավերվել են, ևս 2-ը՝ մասամբ վնասվել։ Քաղաքի համար առավել ծանրացուցիչ հանգամանքներից է այն, որ նավահանգստի պայթյունը դժվարացնելու է երկրի համար անհրաժեշտ մատակարարումների իրականացումը, բացի այդ՝ վնասվել է քաղաքում ցորենի ամենախոշոր էլեվատորը։
Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութը հայտարարել է աղետի գոտի։ Երկրի իշխանությունները աղետի հետևանքները վերացնելու համար օգնություն են հայցել տարբեր երկրներից, որին արձագանքել են Եգիպտոսը, Ֆրանսիան, Ղազախստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Հայաստանը և այլ երկրներ։
Լիբանանի նախագահը չորեքշաբթին հայտարարել է սգո օր, ինչպես նաև պատրաստվում է Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն մտցնել։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է, իսկ վիրավորները վերջին տվյալներով շուրջ 100-ն են։ ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ թիրախային աջակցության տրամադրումը Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։
Հիշեցնենք, որ առավել վաղ տարածվել էր այն վարկածը, որ պայթյունի պատճառը, հնարավոր է, եղել են տարիներ առաջ առգրավված պայթուցիկ նյութերը, որոնք պահվում էին Բեյրութի նավահանգստի պահեստում։