Արտակ Դավթյանը հանդիպել է հայկական ԱԹՍ-ներ արտադրող ընկերությունների ղեկավարներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը օգոստոսի 3-ին հանդիպել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։

Այս մասին նշված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերոթյան նախարարության պաշտոնական կայքում։

Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:

Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Հանդիպմանը նաև ամփոփվել է հուլիսին սահմանային բախումների ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) խոցվել է հակառակորդի երեք տանկ։

Հավելենք, որ հունիսի 8-ին Արտակ Դավթյանն ազատվել էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Այդ պաշտոնին նա նշանակվել էր 5 տարով, 2018 թվականի մայիսին։ Նրան այդ պաշտոնում փոխարինեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Հուլիսի 17-ին Արտակ Դավթյանը նշանակվեց ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *