Բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցույթը Հայաստանում է լինելու

«Միջազգային բանակային խաղեր-2020»-ի շրջանակներում «Խաղաղության մարտիկ» մրցույթը անցկացվելու է Հայաստանում։ Ընդհանուր 30 խաղից 24-ն անցկացվելու է Ռուսաստանում, 2-ական՝ Բելառուսում և Ուզբեկստանում, 1-ական՝ Հայաստանում և Ադրբեջանում։ Բանակային խաղերն անցկացվելու են օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը։

Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ գեներալ-գնդապետ Իվան Բուվալցևը, փոխանցում է ՌԴ ՊՆ «Կռասնայա զվեզդա» թերթը։

Այս տարվա բանակային խաղերը նախատեսված էր անցկացնել 11 երկրում, սակայն նոր կորոնավիրուսային համաճարակի պատճառով 6 երկիր՝ Մոնղոլիան, Չինաստանը, Շրի-Լանկան, Իրանը, Հնդկաստանն ու Ղազախստանը, հրաժարվել են խաղերն ընդունելուց։

Պաշտոնյան հայտնել է նաև, որ սիրիական պատերազմի փորձը հաշվի առնելով, մրցույթների պայմաններն ավելի են դժվարացել։ Օրինակ «Տանկային բիաթլոն» մրցույթում ավելանալու է թիրախների քանակն ու դրանց խոցման տարբերակները, իսկ «Մաքուր երկինք» մրցույթի մասնակիցները խոցելու են նաև ԱԹՍ-ներ։

Նշենք, որ Հայաստանում անցկացվելիք «Խաղաղության մարտիկ» մրցույթը 2019 թվականին նույնպես անցկացվել էր Հայաստանում և նախորդ տարի Իրանի, Ռուսաստանի, Հունաստանի, Ղազախստանի և Բելառուսի թիմերի հետ պայքարում հաղթել էր Հայաստանի թիմը։

Ադրբեջանում անցկացվելու է «Ծովային գավաթ» մրցույթը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *