Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։
Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա փոխանցում է, որ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020 թ․ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց.
- ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար,
- հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին,
- միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմողների) հետ ապահովելու ուղղությամբ,
- Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը,
- կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան։
Եվրոպական դատարանը, բավարարելով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը, պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները.
- տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին,
- տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից,
- հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին,
- նշանակվե՞լ է արդյոք փաստաբան,
- արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ։
Արտակ Զեյնալյանը հավելել է, որ դատարանը նաև առաջնահերթություն է տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ։ Ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը դեռևս հուլիսի 10-ից Ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Իսկ հուլիսի 15-ին Նախիջևանի պետական հեռուստաալիքը հրապարակել էր ռեպորտաժ, որտեղ բեմադրվել է մեր քաղաքացու հարցաքննությունը ու փորձել է ներկայացվել, թե իբր նա իր կամքով է այնտեղ գնացել: