Թուրքիայի հայտարարությունները կարող են ՀՀ համար տարբեր հետևանքներ ունենալ. թյուրքագետ

Հուլիսի 22-ին Թուրքիայում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել է անվտանգության խորհրդի նիստ, որից հետո տարածված պաշտոնական հաղորագրությունում նշվում էր, որ «Հայաստանը պետք է վերջ տա իր հարձակվողական դիրքորոշմանը և լքի ադրբեջանական տարածքները, իսկ թուրք ժողովուրդն Ադրբեջանի կողքին է լինելու այդ արդար պայքարում կայացրած ցանկացած որոշման դեպքում»։

Ռազմինֆոն վերջին օրերին Թուրքիայի կողմից խիստ հակահայկական հայտարարությունների, դրանց Հայաստանի համար սպառնալիք դիտարկելու և հարակից հարցերի շուրջ զրուցել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ սա Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ուղիղ սպառնալիք հնչեցնելու տաբուի կոտրման ևս մեկ օրինակ է, որը Թուրքիան երբևէ չէր խախտել 1992թ-ից այս կողմ։ Ըստ Գեղամյանի՝ այսուհետ մենք պարբերաբար ենք տեսնելու ամենատարբեր առիթներով Հայաստանին ուղղված անուղղակի և ուղղակի ռազմատենչ հայտարարություններ և սպառնալիքներ։

Հուլիսի 12-ից Հայաստան֊Ադրբեջան սահմանի Տավուշի ուղղությամբ սկսված մարտերի վերաբերյալ Թուրքիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ու պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի նախագահը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, պարբերաբար սպառնալից հայտարարություններ արեցին՝ ի աջակցություն Ադրբեջանի, և նշեցին, որ «այս անգամ Հայաստանն անցել է իր չափը»։ Էրդողանը հայտարարեց, որ «Թուրքիան երբեք չի հապաղի Ադրբեջանի հողերի դեմ ցանկացած հարձակման առաջն առնել»։

Վարուժան Գեղամյանը նշեց, որ այդ սպառնալիքները կարող են ունենալ մի քանի հնարավոր հետևանքներ՝ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ, և՛ երկարաժամկետ հեռանկարներում։ Նա նշեց, որ ամենապարզ տարբերակն այն է, որ Թուրքիայում խորանում են հակահայկական հռետորաբանությունները, և դրանք կարող են ունենալ ամենաանկանխատեսելի ազդեցությունը թե՛ տեղի հայ համայնքի, թե՛ հայ աշխատանքային միգրանտների վրա։

Նշենք, որ Էրդողանը մարտերի առաջին օրերին հայտարարեց՝ «համոզված է, որ Թուրքիայում աշխատող տասնյակ հազարավոր հայերն էլ անհանգիստ են իրենց պետության անհետևողական գործելակերպից»։

«Երկարաժամկետ հեռանկարում դրանք բնականաբար գրգռում են թուրքական հասարակությանը, և կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ մեզ համար ոչ միայն դիվանագիտական, այլև ռազմական նմանօրինակ իրադարձությունների համար։ Պատահական չէ, որ հենց թուրքական մամուլում մերձիշխանական լրագրողները, սյունակագիրները, պարբերաբար սկսել են խոսել այն մասին, որ ժամանակն է լուծել նաև այս [Հայաստանի ― Ռազմինֆո խմբ․] հարցը։

Թուրքական հասարակությունում առավել ծայրահեղական խմբերը խոսում են այն մասին, որ վերջապես պետք է լուծել Թուրքիայի երկու թշնամիների՝ Հայաստանի և Հունաստանի հարցերը և փակել բոլոր խնդիրները։ Սա իհարկե մեզ համար խիստ մտահոգիչ է, որովհետև եթե ժամանակին սրա դեմ կանխարգելիչ գործողություններ չարվեն, այդ թվում նաև միջազգային հանրության ներգրավմամբ, ապա մենք կունենանք լուրջ խնդիրներ»,֊ասաց Գեղամյանը։

Իր վերջին ելույթներից մեկում Էրդողանը Հայաստանը հիշատակեց նաև այն երկրների ու տարածքների կողքին, որտեղ ներխուժել են Թուրքիայի զինված ուժերն և իրականացնում են ռազմական գործողություններ․ «Կլինի՛ մեր երկրի ներսում, թե երկրից դուրս, կլինի՛ Իրաքի հյուսիսում, Սիրիայի հյուսիսում, կլինի՛ «Խաղաղության ակունք» գործողությանը, կլինի՛ Իդլիբում, կլինի՛ Լիբիայում, թե այս պահին մեր ադրբեջանցի եղբայրների դեմ Հայաստանի իրականացրած հարձակումներին, երբեք միայնակ չենք թողել և չենք թողնելու ճնշվածներին»,-հայտարարել էր Էրդողանը։

Այսօր ՀՀ կառավարության նիստում երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ միջազգային հանրությունից միակ երկիրը, որը փորձում էր այս ընթացքում ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։

«Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ` Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր, բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»,֊ ասաց Փաշինյանը։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս Թուրքիայի արձագանքների մասին խոսելիս անդրադարձել էր տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին ու նշել․ «Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին: 

Կարևոր է նշել նաև, որ հայ-ադրբեջանական մարտերի ընթացքում Թուրքիան միայն իր հայտարարություններով չհիշատակվեց․ մարտերի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովի և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուսատաֆաևի գլխավորությամբ մեկնեց Թուրքիա։

Մոտ 4 օր տևած այցի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները տարբեր հանդիպումներ ունեցան Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերի, տարբեր ուժերի հրամանատարների, երկրի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրի և այլ պաշտոնյաների հետ։

Այսօր Թուրքիայում կայացել է նաև Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ՝ Էրդողանի գլխավորությամբ։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը չբացառեց, որ նիստին ևս անդրադարձ է լինելու հայ-ադրբեջանական հարցին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *