Հուլիսի 21-22-ին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները միչգերատեսչական խորհրդակցություններ են անցկացրել Լիբիայի կոնֆլիկտի կարգավորման խնդրի շուրջ։
Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ֊ին։ Ռուսական պատվիրակությունը ղեկավարել է ԱԳՆ տեղակալ Սերգեյ Վերշինինը, թուրքական՝ ԱԳՆ տեղակալ Սեդաթ Օնալը։ Կողմերից մասնակցել են նաև պաշտպանական և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Խորհրդակցությունների արդյունքում կողմերը որոշել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբը, որը կզբաղվի լիբիական կոնֆլիկտի հարցով։ Նախատեսվում է առաջիկայում կրկին խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայում։
Կողմերը նաև նշել են, որ լիբիական հարցը չի կարող ունենալ ռազմական լուծում, այլ պետք է կարգավորվի միայն լիբիացիների կողմից քաղաքական գործընթացներով, որոնց աջակցում է ՄԱԿ-ը։
Խորհրդակցության արդյունքում կողմերը որոշել են միջլիբիական երկխոսությանը նպաստել 2020թ. հունվարին Բեռլինում կայացած համաժողովի որոշումների համաձայն և խորհրդակցելով ՄԱԿ-ի հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Բեռլինում կայացել էր Լիբիայի հարցով կոնֆերանս, որին բացի Լիբիայում հակամարտող երկու կողմերի ներկայացուցիչներից՝ Խալիֆա Հաֆթարից և Ֆաիզ ալ֊Սարաջից, ներկա էին ԱՄՆ, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի և այլ երկրների առաջնորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոմիության և ՄԱԿ֊ի ներկայացուցիչներ։
Կոնֆերանսի արդյունքում կողմերը կազմեցին 55 կետից բաղկացած համաձայնագիր, ըստ որի՝ Լիբիայում պետք է հաստատվեր հրադադար, պետք է արգելվեր լիբիական կոնֆլիկտին միջազգային միջամտությունը, մասնակից երկրները պարտավորվում էին հակամարտող կողմերից որևէ մեկին չաջակցել և զինտեխնիկա չմատակարարել։
Համաձայնագրով ստեղծվեց ռազմական հանձնաժողովը «5+5» ֆորմատով՝ ընդգրկելով հակամարտող կողմերի 5-ական ներկայացուցչի, որի նպատակն է Լիբիայում ամբողջական հրադադար հաստատելուն ուղղված բանակցությունների կազմակերպումը։
2011թ. Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։