Եգիպտոսի խորհրդարանն ընդունել է այդ երկրի տարածքից դուրս «ահաբեկիչների և զինյալների դեմ պայքարի նպատակով» զորք տեղակայելու մասին նախագիծը։ Նախագծով Եգիպտոսը կարող է զորք ուղարկել նաև հարևան Լիբիա։
Այս մասին գրում է միջազգային Reuters լրատվական գործակալությունը։
Նշենք, որ նախագիծը քննարկման էր դրվել երեկ՝ հուլիսի 20-ին։ Եգիպտոսը նախատեսում է զորք ուղարկել հարևան երկիր այն դեպքում, եթե «Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությանն» աջակցող թուրքամետ ուժերը շարժվեն դեպի լիբիական Սիրթ քաղաք»։
2011թ. Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։