ԱՄՆ-ն գնել է Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները

ԱՄՆ ռազմաօդային ուժերը ձեռք կբերի Lockheed Martin ընկերության կողմից Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35A կործանիչները, քանի որ Թուրքիան 2019թ. պաշտոնապես հեռացվել է ամերիկյան այս կործանիչների արտադրության ծրագրից։

Ընկերության հետ ստորագրված պայմանագրի մասին գրված է Պենտագոնի պաշտոնական կայքում։ Գործարքը գնահատվում է մոտ 862 մլն դոլար։ Ըստ գործարքի՝ նախատեսվում է ևս 6 միավոր F-35A-ի գնում ՌՕՈւ համար, ինչպես նաև Թուրքիայի համար նախատեսված կործանիչների մոդիֆիկացումը՝ ամերիկյան օդուժին համապատասխանեցնելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիան հանդիսանում էր F-35 կործանիչների արտադրության ծրագրի 9 անդամ երկրներից մեկը, սակայն 2019թ. հուլիսին ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման համար ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարեց Թուրքիային ծրագրից հեռացնելու մասին։

Թուրքիան նախատեսում էր ձեռք բերել մոտ 100 միավոր F-35։ Մի քանի միավոր Թուրքիայի համար արդեն արտադրվել էր, սակայն դրանք շարունակում էին մնալ ԱՄՆ-ում, քանի որ Արիզոնա նահանգի Լյուկ ավիաբազայում թուրք օդաչուներն անցնում էին կործանիչի պատրաստումներ։ Թուրքիային ծրագրից հեռացնելու մասին հայտարարությունից հետո օդաչուների պարապունքներն ԱՄՆ-ում ևս դադարեցվեցին, և նրանք վերադարձան Թուրքիա։ Իսկ Թուրքիայի գնած մի քանի միավոր կործանիչների ճակատագիրը մոտ մեկ տարի հարցականի տակ էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *