Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Ռազմավարական ենթակառուցվածքներին հարվածելը երբեք չի եղել Ադրբեջանի քաղաքականության մեջ և չի լինի։ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ կարծիքը չի արտահայտում պաշտոնական դիրքորոշումը»։
Սրանով Հաջիևը մեկնաբանել է ավելի վաղ երկրի ՊՆ մամուլի խոսնակի կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին սպառնալից հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն, իբրև ի պատասխան Հայաստանից հնչած պնդումներին, որ հայկական կողմը հարվածելու է Մինգեչավուրի ջրամբարին, հուլիսի 16-ին հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող հարվածել Մինգեչավուրի ջրամբարին, քանի որ դրա տեղակայման ռելիեֆը, այդտեղ իրականացվող ամրապնդման աշխատանքներն ու Ադրբեջանի ՀՕՊ միջոցները դա թույլ չեն տա։ Միաժամանակ Դարգյահլըն սպառնալիք էր հնչեցրել, թե Ադրբեջանը կարող է ի պատասխան հարվածել Մեծամորի ատոմակայանին։
Ուշագրավ է այն փաստը, որ հայկական կողմից Մինգեչաուրի վրա հարվածի որևէ պաշտոնական հայտարարություն չէր եղել։