Հուլիսի 20-ին Եգիպտոսի խորհրդարանում քննարկվում է Լիբիա զորք ուղարկելու հարցը։ Եգիպտոսը նախատեսում է զորք ուղարկել հարևան երկիր այն դեպքում, եթե «Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությանն» աջակցող թուրքամետ ուժերը շարժվեն դեպի լիբիական Սիրթ քաղաք»։
Այս մասին հայտնում է Al Arabiya միջազգային լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ Ներկայացուցիչների պալատը, որի անդամների մեծ մասը Եգիպտոսի նախագահ Աբդել֊Ֆաթթահ ալ֊Սիսիի կողմնակիցներն են, ամենայն հավանականությամբ, կողմ կքվեարկի Լիբիա զորք ուղարկելու նախագծին։
Միջազգային Reuters լրատվական գործակալության տվյալներով էլ Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» ուժերը արդեն իսկ զորքերն ավելի են մոտեցրել Սիրթ քաղաքին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ «Ազգային համաձայնության կառավարութունը» չի համաձայնի հրադադարին, քանի դեռ Խալիֆա Հաֆթարի ուժերը շարունակեն մնալ ալ֊Ջուֆրա ավիաբազայում և Սիրթ քաղաքում։
2011թ. Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։