Ամբողջ օրը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել․ տեղեկատվական կենտրոնի ասուլիսը՝ ամփոփ

Այսօր ամբողջ օրը Հայաստան֊Ադրբեջան սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, քիչ են եղել կրակոցները, եղել են միայն հրաձգային զենքերից։

Այս մասին տեղեկատվական միասնական հարթակի ճեպազրույցում հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը պատասխանելով հարցին՝ արդյոք ստեղծված իրավիճակից ելնելով զորացրումը հետաձգվել է, թե՝ ոչ, նշել է, որ ՀՀ ԶՈւ֊ն զորակոչն ու զորացրումը բնականոն իրականացում են, հետաձգում չի եղել, չի լինելու։

Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգի ընթացքում նշեց, որ այսօր իրեն հարցրել են թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի Բաքու մեկնելու մասին։ Նշենք, որ «Ռազմինֆոյի» դիտարկմամբ խոսքը հուլիսի 16-ին կորոնավիրուսի դեմ պայքարում Ադրբեջանին աջակցելու համար մեկնած թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի մասին է։

Մեկնաբանելով Հայաստանի ՀԱՊԿ֊ին դիմելը և Ռուսաստանի հարավային ռազմական շրջանում սկսված զորավարժությունները, Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերը տվյալ դեպքում լիովին ինքնաբավ են, այլ կառույցների դիմելու անհրաժաշետւթյուն չկա։

Արծրուն Հովհաննիսյանը նաև հաստատեց, որ հայկական կողմը կարողացել է անվնաս վերցնել ադրբեջանական Sky Striker ԱԹՍ֊ն, սակայն փակագծեր չբացեց։

Բրիֆինգի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ այսօր շատ խաղաղ օր է եղել, և ժողովուրդն ու բնակիչները կարողացել են որքան հնարավոր է վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին։

Նա նաև հավելեց, որ այս պահին առաջնահերթ վերականգվում են այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։ Աշխատանքները սկսված են։ Վաղը կսկսվեն նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *