Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈւ-ն զոհ ու վիրավոր չի ունեցել․ տեղեկատվության հարթակի ճեպազրույցը՝ ամփոփ

Հակառակորդի շուրջ 100 զինծառայող, հրետանու աջակցությամբ, փորձել է հարձակվել մեր դիրքի վրա։ Հայկական զինված ուժերի գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է զգալի կորուստներ, խոցել ենք առնվազն 1 զրահատեխնիկա՝ հավանաբար տանկ։

Այս մասին տեղեկատվական միասնական հարթակի ճեպազրույցում հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդի կորուստների մասին այժմ հստակ տեղեկատվություն չկա։ Դիտարկվող կորուստները կարող են լինել 1-2 տասնյակ։ Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ զինված ուժերը զոհ ու վիրավոր չեն ունեցել։ Մեր ԶՈւ-ին պատկանող և խոցված ԱԹՍ-ի մասին ադրբեջանական մամուլում առակա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ճեպազրույցի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ գործողությունների վերսկսումից հետո հակառակորդը հարվածել է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշ, Մովսես գյուղերին ու Բերդ քաղաքին։ Վնասվել են 10-ից ավել առանձնատուն, ենթակառուցվածքներ, Այգեպարի մանկապարտեզը, Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում ջրագիծ, որի վերականգնման աշխատանքներն ընթացքում են։

Մարզպետը հավելել է, որ մոբիլիզացվել են քաղպաշտպանության խմբերը և քաղաքացիական բնակչության մեջ զոհ կամ վիրավոր չունենք։ Իսկ վնասված գույքի համար վաղվանից սկսելու են հաշվառման և վերականգնման, որոշ դեպքերում՝ վերակառուցման, աշխատանքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *