Տավուշում ծավալված գործողությունների մասին ամփոփ՝ ժ․22։00 դրությամբ

Հուլիսի 14-ի ժ․22։00 դրությամբ ամփոփ Ձեզ ենք ներկայացնում օրվա ընթացքում Տավուշում եղած կարևոր իրադարձությունները։

*Առավոտյան ժ․11։25 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ էր տեղադրել, որտեղ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։

*Ադրբեջանը հուլիսի 12-14-ը ժ․22։00 դրությամբ հաստատել է 11 սպանվածի մասին՝ այդ թվում 3-րդ կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և նույն կորպուսի հրետանու պետ գնդապետ Իլգար Միրզեևը, 2 մայոր, 2 ենթասպա և 1 պայմանագրային զինծառայող։ Մնացած 4 սպանվածի մասին Ադրբեջանը հայտարարել էր հուլիսի 13-ին։

*Առավոտյան հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ, ժ․ 11։15 հայտնել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը, հավելելով, որ տուժածներ չկան։ Իսկ օրվա ընթացքում՝ ժ․17։35, «Հետք» լրատվականը հայտնել էր Այգեպար գյուղի գնդակոծման մասին։

*Ծավալված մարտական գործողությունների արդյունքում հուլիսի 14-ի ժ․22։00 դրությամբ ՀՀ զինված ուժերն ունեն 4 զոհ՝ 2 սպա և 2 ժամկետային զինծառայող։

*Հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի շուրջ 30 մլն դոլար արժողությամբ Hermes 900 մարտավարական խոշոր ԱԹՍ։ Տվյալ ԱԹՍ-ները գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին, ինչը կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն:

*Իրավիճակին արձագանքել ու հրադադարի կոչ են արել ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, ԱՄՆ պետդեպը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *