Ռուս-ադրբեջանական գործարքների հայկական արձագանքները

Հայաստանում շարունակվում է ակտիվորեն քննարկվել Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի հարցը։ Գործարքը մեկնաբանում և գնահատում են ինչպես հասարակական ու քաղաքական գործիչները և կազմակերպությունները, այնպես էլ լրատվամիջոցներն ու շարքային քաղաքացիները։

Հնչող տեսակետները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ քաղաքական—դիվանագիտական բնույթի և ռազմական բնույթի։

Ցավալի է, բայց երկու դեպքում էլ բավականին շատ են չհիմնավորված, իրականությունից կտրված, ծայրահեղ դրսևորումները։

Այսպես օրինակ, «քաղաքական-դիվանագիտական» բնույթի գնահատականներում հաճախ հնչում է այն միտքը, որ «Ադրբեջանն այսպես թե այնպես գնելու էր սպառազինություն, այդ դեպքում, մեզ համար ի՞նչ տարբերություն, թե՞ ումից է գնում»։ Այս կարգի դատողություններում տրամաբանական սխալն այն է, որ իրար են խառնվում հետևյալ երկու խնդիրները.

  1. Ադրբեջանն ունի զենք գնելու հնարավորություն և ցանկություն։
  2. Ադրբեջանին զենք է վաճառել Ռուսաստանը։

Իհարկե, ադրբեջանական տանկի կրակից մեր կորուստները կախված չեն լինի այն բանից, թե ումից էր այդ տանկը գնվել. ռուսներից, ուկրաինացիներից, թե բելառուսներից։ Բայց սա վերոհիշյալներից առաջին խնդիրն է, հետևաբար՝ չի կարող արդարացնել երկրորդ խնդրի «հերոսին»։

Այսինքն` Ադրբեջանի ցանկությունների ու հնարավորությունների առկայության փաստից չի հետևում երկրորդ խնդրի անէական լինելը։ Երկրորդ խնդիրը չի կարելի անտեսել, անարձագանք թողնել կամ քողարկել առաջինով։ Ոչ, որպես աքսիոմատիկ ճշմարտություն պիտի ընդունել այն փաստը, որ դաշնակցի՝ թշնամուն զենքի վաճառքը անընդունելի է և չունի որևէ արդարացում։

Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանն իր սեփական շահի դիրքերից է գործել և վերջին հաշվով իրենից լրացուցիչ կախվածության մեջ է գցել և Հայաստանին, և Ադրբեջանին, բայց հենց դա էլ կոչվում է դաշնակցի շահերի անտեսում և ոչ դաշնակցային վարք։ Եվ այս գնահատականը պետք է հնչի ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ պետական մակարդակով, սակայն խոշոր կուսակցություններից փաստացի միանշանակ բացասական արձագանքներ եղան թերևս միայն «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցություններից։ Փոխարենը բավականին հաճախ հնչում են Ռուսաստանին արդարացնող հայտարարություններ և … անհավատալի է, բայց այդ ռուս-ադրբեջանական գործարքին նույնիսկ տրվում են դրական գնահատականներ, ինչպիսին էր օրինակ` Վահան Շիրխանյանի հայտարարությունը, որ «մեզ համար ավելի ձեռնտու է, եթե Ադրբեջանին զենք է վաճառում Ռուսաստանը»։

Համացանցային որոշ քննարկումների ժամանակ երբեմն նաև միտում կար այդ գործարքի հետևում տեսնել ինչ-որ բարդ, հասարակ մահկանացուներիս համար անհասկանալի կոմբինացիաներ, օրինակ, միտումնավոր անորակ սարքված սպառազինություն։ Կարծում ենք, որ նմանատիպ խոսակցությունների պատճառը «հայ-ռուսական դարավոր բարեկամության» հանդեպ միամիտ հավատն է, որը թվում է թե պիտի վաղուց վերացած լիներ, բայց այնուամենայնիվ դեռ կա։ Որևէ գաղտնի կոմբինացիա փնտրել պետք չէ, առավել ևս հայանպաստ կոմբինացիաներ։ Ինչպես հարցազրույցներից մեկում անկեղծացավ ռուս ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը (ով, ի դեպ, միշտ աչքի է ընկել հակահայ դիրքորոշմամբ). «Ադրբեջանին սպառազինություն վաճառելու պատճառը պարզ է և ճղճիմ՝ ֆինանսական շահը»։

Եվ վերջապես, բավականին հաճախ, հատկապես համացանցում քննարկումների ժամանակ, հնչում է նաև կարծիք, թե ադրբեջանական այդ գնումները ուղղված էին ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ։ Դժվար է պատկերացնել իրականությունից ավելի կտրված հայտարարություններ։ Անհեթեթություն է ենթադրելը, որ Հայաստանի դեմ պատերազմելիս ադրբեջանցիները որևէ սպառազինություն չօգտագործեն, ինչ է թե այն գնված է եղել «Իրանի դեմ»։

Այս ամենի ֆոնին կան նաև հակառակ ծայրահեղություններ. օրինակ, ՆԱՏՕ անդամ դառնալու կոչերը։ Կարծես ՆԱՏՕ-ում արդեն սեղան են փռել Հայաստանի անդամակցությունը նշելու համար, մնում է Հայաստանը ժամանի, որ խնջույքը սկսվի։ Էլ չխոսենք ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում անխուսափելիորեն առաջացող այնպիսի լրջագույն խնդիրների մասին, ինչպիսին է, օրինակ` ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ սպառազինությունների անհամատեղելիությունը (այդ և խնդրի մասին առավել մանրամասն տես Ռազմինֆոյի վերլուծությունը

Առանձին քննարկման հարց են նաև պաշտոնական արձագանքները կամ, թերևս, ավելի ճիշտ կլինի ասել՝ դրանց բացակայությունը։ Վերևում արդեն նշեցինք, որ այս քայլի ոչ դաշնակցային բնույթի մասին պիտի լինեին համարժեք գնահատականներ այդ թվում` պետական` գոնե ԱԳՆ մակարդակով, սակայն ցավոք սրտի Հայաստանի ԱԳՆ-ն նույնիսկ առանձին հայտարարությամբ հանդես չեկավ, էլ չխոսենք դիվանագիտական համապատասխան նոտաների մասին։

Ինչ վերաբերում է ռազմական բնույթի գնահատականներին, ապա Ռազմինֆոն արդեն անդրադարձել է համազարկային կրակի «Սմերչ» կայանների մասին տարածվող միֆերին, թեև դատելով հայրենական մամուլի վերջին հրապարակումներից՝ այդ կայաններին մեր մամուլում այսուհետ այդպես էլ համարելու են «զանգվածային ոչնչացման զենք»։ Բայց «Սմերչի» մասին տարածվող միֆերը միակը չեն։ Համանման միֆեր են տարածվում, օրինակ, «ՏՕՍ-1Ա» հրանետների և «Մստա-Ս» հրետանային համակարգերի մասին, սակայն պակաս ինտենսիվությամբ։ Հնչեցին նույնիսկ կարծիքներ, թե այդ համակարգերն ի չիք են դարձնում Արցախի պաշտպանական ինժեներական կառույցների արժեքը, ինչը, իհարկե, իրականությանը չի համապատասխանում։

Իրականում որևէ զինատեսակ առանձին վերցրած չի կարող կտրուկ փոխել իրավիճակը և ուժերի ցանկացած համեմատություն անհաժեշտ է իրականացնել հաշվի առնելով ընդհանուր համապատկերը, ինչն անելը, իհարկե, բավական բարդ խնդիր է։

Բայց եթե խոսում ենք մտահոգությունների մասին, ապա առաջին հերթին մտահոգիչ է ոչ թե «Սմերչը», ոչ թե «Մստա-Ս»-ը, այլ` ընդհանուր մոտ 200 միավոր զրահատեխնիկան։ Պատճառն այն չէ, որ Տ-90Ս տանկերը կամ ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաները լավ և հեղափոխական զինատեսակներ են. ԲՄՊ-3-ը, օրինակ, բավական վիճելի մեքենա է, իսկ Տ-90-ը ոչ թե նորագույն և աշխարհում նմանը չունեցող տանկ է, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել ռուսները, այլ Տ-72 տանկի հերթական մոդիֆիկացիան է, որի ոչ մարկետինգային անունը Տ-72ԲՈւ էր։

Պատճառը քանակն է. նույնիսկ եթե ադրբեջանցիները գնեին այդ քանակով որևէ այլ զրահատեխնիկա, դա միևնույն է կլիներ ամենամտահոգիչ հանգամանքը։

Առհասարակ, եթե խոսում ենք հարձակողական սպառազինության մասին, ապա առաջին հերթին հենց այդ 200 միավոր զրահատեխնիկան պետք է նկատի ունենանք, առավել ևս, հաշվի առնելով, որ տանկերի հետ ադրբեջանցիները գնել են նաև անհրաժեշտ ինժեներական տեխնիկա, ինչը, բնականաբար, աննկատ մնաց. «Սմերչի» կողքին ու՞մ են հետաքրքրում ինչ-որ ականազերծող միջոցներ։

Ռազմական բնույթի հաջորդ կարևորագույն հարցը ուժերի բալանսի պահպանման խնդիրն է։ Արդյո՞ք այդ բալանսը խախտվել է և, եթե այո, արդյո՞ք կկարողանանք վերականգնել այն ևն։ Այստեղ անհրաժեշտ է մի քանի պարզաբանում տալ։

Նախևառաջ վստահ կարելի է պնդել, որ այս գնումների փաստը Հայաստանի ղեկավարությանը հայտնի է եղել առնվազն 1.5-2 տարի առաջ՝ պայմանագրերի կնքումից անմիջապես հետո (իսկ հնարավոր է նաև ավելի վաղ, դեռ բանակցությունների շրջանում)։ Մեր վստահության հիմքում այն փաստն է, որ տանկեր արտադրող «Ուրալվագոնզավոդը» և հետևակի մարտական մեքենաներ արտադրող «Կուրգանմաշզավոդը» համապատասխանաբար Նիժնի Տագիլի և Կուրգանի խոշորագույն ձեռնարկություններն են, որոնց աշխատանքով է էապես պայմանավորված այդ քաղաքների տնտեսությունը, և նման խոշոր պատվերների մասին արդեն հաշված շաբաթներ, եթե ոչ օրեր անց, այդ քաղաքներում տեղյակ չէին, երևի, միայն նորածինները։ Հասկանալի է, որ նման պայմաններում խիստ գաղտնիության մասին խոսելն անիմաստ է։

Ավելին, թեմայով պարբերաբար հետաքրքրվելու դեպքում նույնիսկ շարքային քաղաքացին այս բոլոր գնումների մասին կարող էր տեղեկանալ սրանից մոտ 1.5 տարի առաջ համացանցից, ընդհուպ մինչև «Սմերչի» համար գնված հրթիռների քանակը։

Երկրորդ պարզաբանումը վերաբերում է Ադրբեջանին սպառազինության մատակարարման ժամկետներին։ Զրահատեխնիկայի գնման պայմանագրերը կնքվել են 2011 թվականին և նախատեսվում են կատարվել մինչև 2014 թվականի ավարտը, սակայն հաշվի առնելով նման դեպքերի համար սովորական և անխուսափելի ուշացումները՝ փաստացի կատարումը պիտի ակնկալել 2015 թվականին։ Ներկայում Ադրբեջանը ստացել է ընդհանուր մինչև 30 միավոր Տ-90Ս և ԲՄՊ-3։

Այս պարզաբանումները տալով՝ նպատակ ունենք հստակեցնել երկու բան.

  1. Հայաստանի ղեկավարությունը, եթե նույնիսկ չկարողացավ կանխել ռուս-ադրբեջանական այս գործարքները, ապա գոնե պարտավոր էր դեռ 2 տարի առաջ սկսել ուժերի բալանսը պահելու համար անհրաժեշտ քայլերի դիմել։
  2. Եթե այդ քայլերն արվել են, ապա Հայաստանի ղեկավարությունը ունի մոտավորապես 2 տարի ժամանակ այդ անհրաժեշտ քայլերը ավարտին հասցնելու համար։

Հասկանալի է, որ մենք տեղյակ չենք, թե կոնկրետ ինչ է ձեռնարկվել, բայց հույս ունենք, որ Արցախում ձևավորված նոր տանկային բրիգադը և պաշտպանության բանակի համալրումը հրետանիով այդ պատասխան քայլերից են։

Այստեղ տեղին է նշել նաև, որ հենց 2011 թվականից հետո աշխուժացավ Լեհաստանի հետ համագործակցությունը ռազմաարդյունաբերության ոլորտում, իսկ այս տարվա մայիսին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանը պատրաստվում է արդիականացնել իր Տ-72 տանկերը մինչև լեհական «Bumar» ընկերության PT-72U-երի մակարդակի։ Ընդ որում, լեհական արդիականացման նկատմամբ հայկական կողմի հետաքրքրությունը նույնպես սկսվում է 2011 թվականից, երբ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «MSPO-2011» ցուցահանդեսի ժամանակ այցելեց «Bumar»-ի տաղավար, որտեղ էլ նրան ներկայացվեց PT-72U տանկը։

Զուգահեռաբար որոշակի աշխատանքներ են տարվում նաև ռուսական «Ուրալվագոնզավոդի» հետ։ Կարելի է ենթադրել, որ սա ևս Հայաստանի պատասխան քայլերից է։ Թե որքանով է այս վերջին ենթադրությունը ճիշտ, ցույց կտա ժամանակը, իսկ ավելի կոնկրետ` առաջիկա երկու տարին, որի ընթացքում հույս ունենք, որ կտեսնենք արդիականացված Տ-72-ները։

Բացի այդ, հավասարակշռության պահպանման անհրաժեշտ և համեմատաբար էժան քայլերից է նաև հակատանկային միջոցներով հետևակի հագգեցվածության աստիճանի բարձրացումը, ինչը կարող է արվել օրինակ` «MILAN» համակարգերով։

Այս ամենով հանդերձ, ցավով պիտի արձանգրենք, որ դրական որևէ տեղաշարժ չի նկատվում քաղպաշտպանության ոլորտում բնակչության կրթման և պատրաստման հարցում։ Օրինակ, բուհերում քաղպաշտպանության դասերը որպես կանոն փաստացի կրում են ձևական բնույթ, անթույլատրելիորեն քիչ են գործնական պարապմունքներն ու վարժանքները, իսկ առարկան էլ ուսանողների կողմից չի ընկալվում որպես անհրաժեշտություն, և նրանք գործնականում որևէ գիտելիք չեն ստանում։

Նույնիսկ առանց սոցհարցում անցկացնելու կարելի է վստահ պնդել, որ Հայաստանի քաղաքացիները մեծամասամբ չգիտեն էլ, թե ի՞նչ է անհրաժեշտ ձեռքի տակ ունենալ արտակարգ իրավիճակներում, ինչպես է պետք պահել հրետակոծության, ռմբակոծության, հրդեհների դեպքում, որտե՞ղ է պետք պատսպարվել ևն։

Ընդ որում` այս հարցը հրատապ է ոչ միայն հավանական պատերազմի պատճառով, այլև բնական արհավիրքներին դիմակայելուն պատրաստ լինելու անհրաժեշտությունից ելնելով։ Այլապես որևէ լուրջ արհավիրքի դեպքում, ինչից մեր տարածաշրջանը, մեղմ ասած, ապահովագրված չէ, մենք կարող ենք կանգնել այն դաժան փաստի առաջ, որ ոչ բնակչությունը, ոչ իշխանությունները և մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինները, պատրաստ չէին, ինչպես դա եղավ, օրինակ,  մեկ տարի առաջ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում։ Եվ վերջապես, պետք չէ մոռանալ նաև սեփական տխուր դասերն ու մասնավորապես Սպիտակի երկրաշարժը։

7 responses to “Ռուս-ադրբեջանական գործարքների հայկական արձագանքները

Մեկնաբանել Ռազմ.ինֆոՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *