Միջազգային հանրության արձագանքը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Հունիսի 12-ի կեսօրին ադրբեջանական կողմը փորձել էր ՈՒԱԶ մեքենայով խախտել պետական սահմանը, իսկ հայ դիրքապահների զգուշացումից հետո, թողնելով մեքենան, դիմել էին փախուստի։ Դեպքից հետո Ադրբեջանը հայկական դիրքերի վրա հրետանային ու տանկային կրակ էր բացել, որը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել էր ամբողջ օրվա ընթացքում։

Հուլիսի 12-ի երեկոյան սկսվեցին և հուլիսի 13-ի ընթացքում շարունակվեցին միջազգային պաշտոնական արձագանքները:

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման պատճառով։ Հասնող տեղեկությունների համաձայն մարտական գործողությունները դեռևս շարունակվում են, կիրառվում է հրետանի, կան զոհեր ու վիրավորներ։ ․․․ Կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն և խստորեն հետևել հրադադարի ռեժիմին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին պատրաստ է համապատասխան միջամտությամբ նպաստել իրավիճակի կարգավորմանը։

Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարի թվիթերյան գրառումը

Անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությամբ։ Երկու երկրների համար կարևոր է պահպանել զսպվածություն և օգտագործել կապի բոլոր միջոցները՝ ինչպես ուղիղ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։

Ինչպես նախկինում գրել էինք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի արտակարգ նիստ։ Ավելի վաղ Զասը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ, ով ՀԱՊԿ քարտուղարին ներկայացրել էր սահմանային իրավիճակը։

Թարմացում․ Տավուշում բախումների հարցով ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է։

Սահմանային դեպքերին հուլիսի 12-ին արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ն, իսկ հուլիսի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թվիթերյան իր էջում տեղադրել է տեսագրություն։ Երկու հայտարարությունները նույնաբովանդակ են, և կրկնում են ադրբեջանական քարոզչական թեզը այն մասին, որ հայկական կողմն է նախահարձակ եղել և իրավիճակը սրել։ Նախարարը նաև թուրք ժողովրդի աջակցությունն է հայտնել դաշնակից Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հարցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *