Թուրքիայի ԶՈւ-ն հայտնել է Իրաքում հերթական կորստի մասին

Հուլիսի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրաքի հյուսիսում իրականացվող «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) ռազմական գործողության ընթացքում քուրդ զինյալների հետ բախման հետևանքով հերթական կորստի մասին։ Սպանվածը ռազմաօդային ուժերի սերժանտ Էթհեմ Դեմիրջին է, ով նախ վիրավորվել է ու տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Սա Թուրքիայի զինված ուժերի 5-րդ հայտնի կորուստն է այս ռազմագործողության ընթացքում։ Նախորդ կորուստների մասին հայտնել էին հունիսի 19-ին, 21-ին, 26-ին և 28-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերը հայտնել էին Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) կոչվող ռազմական գործողություն սկսելու մասին։ Այն հաջորդել է հունիսի 15-ի կեսգիշերին սկսված «Ճանկ-արծիվ»  (թրք․՝ “Pençe-Kartal operasyonu”) մեկօրյա ռազմագործողությանը:

Նշենք, որ Իրաքը հուլիսի 5-ին հայտնել էր, որ կարող է դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և այլ միջազգային կառույցների, որպեսզի Թուրքիան դադարեցնի ռազմական գործողություններն իր տարածքում։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007 թ-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *